ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանի բուսաբանական այգում կհիմնադրվի արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող Կյանքի պուրակ. վարչապետ

Երեւանի բուսաբանական այգում կհիմնադրվի արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող Կյանքի պուրակ. վարչապետ

Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց, որ Երեւանի բուսաբանական այգում կհիմնադրվի Կյանքի պուրակ:

՛՛Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: