շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին, երկաթե սյանը և հայտնվել ձորակում

Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին, երկաթե սյանը և հայտնվել ձորակում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ Կո» շինանյութի արտադրամասի մոտ, բախվել են 33-ամյա Արթուր Վ․-ի վարած «Renault» մակնիշի և 35-ամյա Էդուարդ Ղ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է գազատար խողովակներին և արտաքին լուսավորության սյանը, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Տիգրան Քեֆոյանը և Արայիկ Հովհաննիսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների Եղվարդի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և սկսել աշխատանքներ վնասված գազախողովակը նորոգելու ուղղությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: