շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՊՀ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողները ծանոթացել են մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգին

ԵՊՀ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողները ծանոթացել են մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգին

Պետական եկամուտների կոմիտեն ազդարարել է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների մասին: Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
 
Առաջին հանդիպումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր՝ մագիստրոսական կրթական աստիճանի ուսանողների և բուհի շրջանավարտների հետ: Կրթօջախում հյուրընկալվել էին ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը  և մաքսային երիտասարդ ծառայողներ:
 
Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը կարևորել են նախաձեռնությունը՝ ընդգծելով գործընթացին ուսանողների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: 
 
ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որոնց շրջանակում էլ արմատապես փոխվում է համակարգ ընդունվելու ընթացակարգը: Հանդիպմանը ներկայացվել են դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները: Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: 
 
Հաջորդ հանդիպումը Երևանի պետական համալսարանում էր: Մայր բուհի ղեկավարության համար ՊԵԿ-ի առաջարկն սպասված էր. ուսանողից մասնագետ դառնալու իրական հնարավորությունն աշխատանքի մեծ դաշտ է բացում մագիստրոսի աստիճան ստացող ուսանողների և շրջանավարտների համար: 
 
Հանդիպման ընթացքում ուսանողներն անմիջապես մաքսային ոլորտի պատասխանատուներից և մասնագետներից ստացել են հետաքրքող հարցերի պատասխանը՝ մաքսային ծառայողի աշխատանքի, նախատեսվող դասընթացի տևողության, մասնակցության վերաբերյալ: 
 
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ընդունելության համար արդեն դիմել է 800-ից ավելի մասնակից: ՊԵԿ նախագահի տեղակալը հորդորել է հետաքրքրվածներին անպայման դիմել, փորձել ուժերը մաքսային համակարգում՝ ձեռք բերելով նոր մասնագիտություն մրցակցային աշխատավարձով։
 
Բուհերում հանդիպումների ընթացքում ցուցադրվել են նաև ՊԵԿ-ի պատրաստած տեսահոլովակները, որտեղ նույնպես մանրամասներ են ներկայացված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերաբերյալ:

  • Կիսվել: