ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՊՀ գիտխորհուրդը հաստատման է ներկայացրել ռադիոֆիզիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետների միավորման վերաբերյալ նախագիծը

ԵՊՀ գիտխորհուրդը հաստատման է ներկայացրել ռադիոֆիզիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետների միավորման վերաբերյալ նախագիծը

Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել ռադիոֆիզիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
 
Ըստ ներկայացված նախագծի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:
 
«Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:
 
Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին։
 
Մեր համոզմամբ՝ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:
 
Նախատեսվում է, որ նոր ստորաբաժանման առաջին և երկրորդ կուրսերի կրթական նոր ծրագրերում կներառվեն առավել նույնական առարկաներ՝ թույլ տալով ուսանողներին բարձր կուրսերում իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու մասնագիտացում:
 
Ուսուցման այս մոդելով հնարավորություն կտրվի պահպանելու մասնագիտացումներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի համար, սակայն ոչ բավարար հետաքրքրություն դիմորդների շրջանում:
 
Բացի դրանից՝ նախատեսվող փոփոխություններով մենք կկարողանանք առավել արդյունավետ օգտագործել ֆիզիկական տարածքը՝ ստեղծելով գիտահետազոտական նոր լաբորատորիաներ ու կենտրոններ:
 
Հատկանշական է, որ որդեգրած այս փիլիսոփայությունը կարող է ֆակուլտետի ու մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ դիմորդների համար և դառնալ առավելություն ՀՀ-ում գործող կրթական մյուս ծրագրերի նկատմամբ»,- գրել է ԵՊՀ ռեկտորը:

  • Կիսվել: