Դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Հարցին, թե Արցախում շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճով, ինչպես նաև հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերով պայմանավորված 232 դպրոցից 93-ի դասապրոցեսը դադարեցված է, արդյոք Հայաստանում ևս պետք է նման միջոցառումներ ձեռնարկել, Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանի կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները փետրվարի 26-ի դրությամբ կազմել են 4.4%, հետևաբար դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։
«Չեմ հասկանում դասապրոցեսը դադարեցնելու մոլուցքը, եթե մենք ունենք օբյեկտիվ իրականություն, տեսնում ենք աշակերտների բացակայելու պատճառը։ Այո, կարող է լինել բացակայություն, բայց ոչ առողջական խնդիրներով պայմանավորված։ Ինչու պետք է ամբողջ կրթական համակարգի գործունեությունը խաթարենք կամ վտանգի ենթարկենք։ Մենք ընդհանրապես շահագրգռված չենք ավել հիվանդ երեխա ունենալ»,- ասաց Արսեն Թորոսյանը։



