կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել

Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել, գրում է Հետքը:

Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:

«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

 

Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Նա հաճախ է հայտնվում շինհրապարակում և ցուցումներ տալիս շինարարներին: Սկզբում ընկերության կապիտալը եղել է 5000 դրամ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին, այն հասել է 51 մլն 575 հազ. դրամի:

Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքապետարանից փորձում ենք տեղեկություններ ստանալ կոմերցիոն նպատակներով կառուցվող շենք-շինությունների վերաբերյալ: Բանավոր հարցերին խուսափում են պատասխանել, իսկ գրավոր հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը փորձում են հնարավորինս երկարացնել:

Ավելին, այս ընթացքում մեր հարցման վերաբերյալ արտահոսք է եղել համայնքապետարանից, և կառուցապատողները փորձել են կանխել հոդվածի հրապարակումը: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ համայնքապետարանն ուշ է տրամադրել պատասխանները՝ հույս ունենալով, որ «լեզու» կգտնեն:

Պատասխանների ձգձգման փորձն ունենալով՝ նոյեմբերի 24-ին այցելեցինք Էջմիածնի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ իրականացվող շինարարության թույլտվության պատճենները:

Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ոստանիկ Մարտիրոսյանը, որն ուշացրել էր նաև բազմաբնակարան շենքերի վերաբերյալ մեր հարցման պատասխանը, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելուց հետո հորդորեց գրավոր դիմել:

Դիմեցինք աշխատակազմի քարտուղար Գրիգոր Հարությունյանին: Վերջինս չմտաբերեց, թե որ տարածքի մասին է խոսքը: Զանգահարեց Ոստանիկ Մարտիրոսյանին, որ տեղում տրամադրեն շինթույլտվության պատճենները: Հավանաբար վերջինս ասաց, որ խոսքը վերաբերում է Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանեկան բիզնեսին: Գ. Հարությունյանի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց:

Այդ պահին ոչ մի կերպ չհաջողվեց ստանալ շինթույլտվությունների պատճենները՝ նույնիսկ տեղում դիմում գրելու պայմանով: Գրիգոր Հարությունյանն ասաց, որ կտրամադրեն օրվա վերջում, «որոշ քննարկումներից հետո»:

Նոյեմբերի 24-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, ստացանք 6 շինթույլտվությունների պատճենները, որոնք տրվել էին «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն աշխատանքային օրվա ավարտին ու դրանից հետո է ստորագրել թույլտվությունները՝ ժամը 17:54-ից 18:10-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ պարզ էր, որ մեր այցի պահին «Նարե Պլյուս» ՍՊԸ-ն շինթույլտվություն չուներ, և ժամանակ էին ձգում, որ համայնքի ղեկավարը ստորագրեր դրանք: Մինչդեռ այդ ընթացքում Տերյան փողոցում շինարարություն էր ընթանում:

Վստահ չլինելով, որ ամբողջական տեղեկատվություն է տրամադրվել, գրավոր հարցում ուղարկեցինք համայնքապետարան: 6 շինթույլտվությունների հետ ստացանք «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրված ևս 14 շինթույլտվություն, այս անգամ՝ նոյեմբերի 28-ի ամսաթվով:

Դրանց ուսումնասիրությունից երեւում է, որ պարզ փորձագիտական դրական եզրակացությունները ստացվել են նոյեմբերի 24-ին:

Համայնքապետարանից փորձեցինք ճշտել՝ առանց թույլտվության շինաշխատանքներ սկսելու համար արդյոք «Նարե Պլյուս» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ակնկալվում էր ստանալ այո կամ ոչ պատասխանը, սակայն Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ոստանիկ Մարտիրոսյանը համայնքապետարանի լրատվության բաժնի պատասխանատուի միջոցով փոխանցեց, որ դիմենք գրավոր, ինչը նշանակում է, որ ցանկանում են հավելյալ ժամանակ շահել:

Ինչպես է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին հողատարածք օտարվել

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար:

Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և Արամայիս Միրզոյանը: Վերջիններս ամուսնացել են այս տարի:

Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Այս հանգամանքը գրավոր պատասխանով հաստատում է նաև համայնքի ղեկավարը:

Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:

Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը: Պատճառաբանությունն այն է, որ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր:

Համայնքապետի այս որոշումը համայնքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել: Սակայն, դա միակ չհրապարակված որոշումը չէ։ Համայնքապետի մերձավորներին վերաբերող որոշումները կա՛մ չեն հրապարակվում, կա՛մ հրապարակվելուց կարճ ժամանակ անց հանվում են: Այդ սկզբունքով չեն հրապարակվել նաև 59 առանձին հողամասերի բաժանված և հասցեավորված տարածքներին վերաբերող որոշումները:

Վաղարշապատի համայնքապետին գրավոր խնդրել էինք տրամադրել աճուրդով և ուղիղ վաճառքով օտարված հողամասի վերաբերյալ պայմանագրերի պատճենները, սակայն համայնքապետարանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ են պարունակում, իսկ այդ անձանց համաձայնությունը՝ տվյալները մատչելի դարձնելու, չունեն:

Կադաստրի պետական կոմիտեից ստացել ենք տեղեկատվություն, որ Վ. Տերյան փողոց 64/5 հողամաս հասցեի մոտ 1.2 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ, մինչ հողամասի բաժանումը, 2023թ. օգոստոսի 18-ին գրանցվել է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, ինչի համար հիմք է հանդիսացել նույն տարվա օգոստոսի 14-ի՝ անշարժ գույքի ներդրման պայմանագիրը։

Ստացվում է՝ մինչև գույքի բաժանումը, Շահեն Շահինյանը համայնքից գնած հողատարածքն օտարել է Արամայիս Միրզոյանի մոր ընկերությանը:

Իսկ հողամասի բաժանման համար հիմք են հանդիսացել համայնքի ղեկավարի 05.09.2023թ․ թիվ 1614-Ա «Հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» և նույն օրվա թիվ 1615-Ա «անշարժ գույքը բաժանելու և բաժանված գույքային միավորները հասցեավորելու մասին» որոշումները, ինչպես նաև՝ որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի բաժանման սխեման։

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Ռուզաննա Ասատրյանի դիմումի հիման վրա 1.2152 հա մակերեսով հողամասից 1.0827 հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակականից փոխվել է բնակելի կառուցապատման: Դրանից հետո էլ գույքը բաժանվել է, տրվել են առանձին հասցեներ:

Բաժանված հողատարածքները հոկտեմբերին գրավադրվել են «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում:

Ինչպես արդեն նշել ենք, Դիանա Գասպարյանի ստորագրած նշված որոշումները համայնքապետարանի կայքում հրապարակված չեն։

Համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչու համայնքապետարանի կայքէջում չեն հրապարակվում Դիանա Գասպարյանի հետ կապ ունեցող անձանց վերաբերյալ որոշումները, լրատվության բաժնից փոխանցեցին, թե միտում չկա «տեխնիկական հարց է»:

Ո՞վ է հողատարածքների գնորդ Շահեն Շահինյանը

Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:

Նա պատահական մարդ չէ: Շահինյանը Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է, այսինքն՝ համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի:

Աշոտ Միրզոյանն անհատ ձեռնարկատեր է: Գազալցակայան ունի Վաղարշապատ համայնքում: Այն կառուցելու համաձայնությունը 2020թ. մարտին տվել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Ընդ որում՝ այդ համաձայնությունը առկա չէ ինչպես համայնքապետարանի կայքում, այնպես էլ մարզպետարանի՝ համայնքի ղեկավարի մարտ ամսվա որոշումներում:

Նշենք, որ 2023թ. օգոստոսի 16-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ մոտ 2 միլիոն 496 հազար դրամի տուգանք է նշանակվել բնական գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ» ԱՁ-ի նկատմամբ։ Տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները` 4 վառելիքաբաշխիչ աշտարակները՝ 8 ճկափողերով, շահագործվել են առանց ստուգաչափման, իսկ բնական գազի ճնշումը գերազանցել է ընդունելի սահմանաչափը։

Շ. Շահինյանը 2017թ.-ից, այսինքն՝ հիմնադրման օրվանից զբաղեցնում է նաև «Ինտեր Գազ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: Ընկերության միակ սեփականատերը Աշոտ Միրզոյանն է: Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Ստացվում է, որ Արամայիս Միրզոյանի հայրն ու Շահեն Շահինյանը նոր ծանոթներ չեն,  պատահական չէ նաև նրանց համագործակցությունը:

Որպես ավագանու անդամ՝ Շահեն Շահինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր:

2021թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Շ. Շահինյանը նույն տարում երկու անշարժ գույք է ձեռք բերել Վաղարշապատ համայնքում՝ արտադրական նշանակության շինություն, որի արժեքը եղել է 153 հազ. դրամ և 1 մլն դրամ արժեքով հողատարածք: Սակայն, ձեռք բերելուց 7 օր անց շինությունը 200 հազ. դրամով վաճառել է:

Նա նույն տարում օտարել է նաև 2000թ. արտադրության «MITSUBISHI» մակնիշի ավտոմեքենա՝ 1 մլն 200 հազ. դրամով:

2021թ. հայտարարագրում Շահեն Շահինյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել: Այսինքն՝ ո՛չ կանխիկ, ո՛չ բանկերում պահվող գումար չի ունեցել: Միակ եկամուտը եղել է Աշոտ Միրզոյան ԱՁ-ից ստացած 218 հազ. դրամն ու 200 հազ. դրամի բնամթերքը՝ որպես աշխատանքի վարձատրություն:

Ըստ հայտարարագրի՝ ունեցել է վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 500 հազ. դրամ:

2022թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Շահինյանը գնել է երկու հողատարածք՝ մեկը Էջմիածնի համայնքապետարանից 51 մլն 975 հազ. դրամով աճուրդով գնածն է, մյուսը ձեռք է բերել քաղաքացուց՝ 6 մլն դրամ արժեքով: Էջմիածնի համայնքապետարանից ուղիղ վաճառքով գնված հողատարածքի մասին որևէ նշում չկա հայտարարագրում:

Շահեն Շահինյանը 2022թ. 55 մլն դրամ փոխառություն է հանձնել Աշոտ Միրզոյանին: Նա դարձյալ որևէ դրամական միջոց չի հայտարարագրել: Իսկ տարվա եկամուտը կազմել է 9 մլն 415 հազ. դրամ, որից 6 մլն դրամը գոյացել է ջերմատան գործունեությունից, իսկ 3 մլն 415 հազ. դրամը եղել է Աշոտ Միրզոյանից ստացած աշխատավարձը:

Ակնհայտ է, որ Շահեն Շահինյանը վերջին երկու տարվա ընթացքում չի հայտարարագրել Էջմիածնի համայնքապետարանից գնած հողերի ընդհանուր արժեքի՝ մոտ 57 մլն 484 հազ. դրամի չափով գումար: Հետևաբար, կարող ենք ասել, որ նման գումար նա չի ունեցել, ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ ձեռք բերված հողատարածքների իրական սեփականատերն ի սկզբանե համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի ընտանիքն է եղել:

Շահեն Շահինյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանից աճուրդով գնած հողի գումարը փոխառությամբ վերցրել է Աշոտ Միրզոյանից, այսինքն՝ Դիանա Գասպարյանի սկեսրայրից։

«Հայտարարագրի մեջ նշել եմ, որ գումարը փոխառությամբ վերցրել եմ Աշոտ Միրզոյանից, ուրիշ բան չկա»,- ասում է Շահեն Շահինյանը:

Հարցին, թե ինչ նպատակով է ձեռք բերել այդ հողատարածքը, Շահեն Շահինյանը պատասխանեց, որ նշված տարածքում հող է ունեցել, իմացել է, որ համայնքապետարանը հարևանությամբ աճուրդով հող է վաճառում: Գումարը խնդրել է Աշոտ Միրզոյանից ու գնել է: Նպատակ է ունեցել բիզնես գործունեություն իրականացնել, սակայն ներդրող չի գտել, իսկ վարկի համար ռիսկի չի դիմել:

Արաքս համայնքի ավագանու անդամը չհիշեց, թե կոնկրետ ում է վաճառել հողը. «Հոկտեմբերյանցի տղա էր, անունը Սամո էր ոնց որ,- նշեց Շ. Շահինյանը և հավելեց,- հետո իմացա, որ այդ Սամոն է ուզում գնել, ասացի՝ իմ տված փողը տվեք ինձ, հողը տամ ձեզ, այդքան բան»,- նշեց Շահեն Շահինյանը:

Նա հաստատեց, որ 2016 թվականից աշխատում է Աշոտ Միրզոյանի մոտ՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի գազալցակայանի տնօրենի պաշտոնում:

  • Կիսվել: