Դեմպինգ չէ. Ինչու է «Ռան-օյլ»-ը բենզինն ավելի մատչելի վաճառում
Հայաստանում բենզինի գները օրեցօր շարունակում են աճել։ Ուշագրավ է, սակայն, որ դրան զուգահեռ, վերջերս Խաչատուր Սուքիասյանի կողմից ձեռք բերված «Ռան-օյլ» ընկերությունը բենզինը շարունակում է վաճառել ավելի ցածր գնով։ Օրինակ՝ եթե «Ֆլեշ»-ում ռեգուլյար բենզինը վաճառվում է 430 դրամով, cps-ում էլ ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 410 դրամով, պրեմիումը՝ 430, ապա «Ռան-օյլ»-ում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 390, իսկ պրեմիումը՝ 410 դրամով։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ տեղի ունեցողը դեմպինգ է, որը «Ռան-օյլ»-ը կիրառում է մյուս ընկերությունների նկատմամբ։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, սակայն, պրոցեսը դեմպինգ չի որակում։ Նրա խոսքով՝ միջազգային շուկայում նավթի գները բարձրացել են, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ուղիղ կորելացիա գոյություն ունի նավթի գների դինամիկայի և բենզինի, դիզվառելիքի գների համար կարճաժամկետ կտրվածքում։ Կարճաժամկետ կտրվածքում անգամ նման կապ չկա էլ։ «Այլ բան է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը սկսել է աշխատել։ Բենզինը, դիզվառելիքը ենթաակցիզային ապրանք են։ Բացի դրանից, կա նաև շուկաների դիվերսիֆիկացման խնդիր։ Հնարավոր է նոր խաղացողների, որոնք նոր են մտել շուկա, և դա ողջունելի է, ներկրման աղբյուրները այլ են, ու նրանք կարողանում են ավելի էժան գնով գնել վառելիքի ներմուծման երկրից և փոխադրման ավելի էժան սխեմաներ են կիրառում։ Այսինքն՝ ավելի քիչ ծախս են անում վառելիքը Հայաստան հասցնելու համար, հետևաբար հաջողվում է ավելի մատչելի վաճառել։ Այնպես որ, այս ամենը պետք է ուսումնասիրել արժեգոյացման շղթայից ելնելով, ոչ թե վերջնական ապրանքների գներից ելնելով»,- ասաց Մարգարյանը։
Բացի այս ամենից, տնտեսագետի խոսքով, կա նաև մեկ այլ խնդիր. բենզինն ու դիզվառելիքը այն ապրանքներն են, որոնք, որպես կանոն, ստանդարտների տիրույթից միշտ շեղվել են։ Դրանց որակի խնդիր գոյություն ունի, և պետք է տեսնել, թե ինչ որակի, ինչ ստանդարտների համապատասխան ավտովառելիք է ներկրվում Հայաստան։ Կա նաև հարակից շուկաների, փոխարինող ապրանքների գործոնը։ «Բենզինն ու դիզվառելիքը և գազը՝ ինչպես սեղմված, այնպես էլ հեղուկ գազը, միմյանց փոխարինող ապրանքներ են, և այդ շուկաների միտումները ևս ազդում են այս ամենի վրա։ Այո, գները դեպի վեր են մղվում, դա փոխարժեքի պատճառով է։ Մոտավորապես 10 տոկոսով դրամի փոխարժեքի անկում է եղել, որում, իմ կարծիքով, մեծապես դեր է խաղացել պանդեմիայի և պատերազմի գործոնը, դրանով պայմանավորված նաև արտահանման կրճատումները, ինչն էլ հանգեցրել է վալյուտային մուտքերի կրճատման։ Մյուս պատճառը վերջին 1.5 տարվա ընթացքում տրանսֆերտների կատաստրոֆիկ կրճատումն ու ներդրումային հոսքերի կրճատումն է։ Այո, այս բոլոր գործոնները հանգեցրին դրամի արժեզրկման։ Իհարկե, Կենտրոնական բանկը իրականացրել է միջամտություն, ինչը, այո, ընդհանուր գնաճային ճնշումներ է առաջացրել։ Բայց վառելիքի մասով շատ սպեցիֆիկ է իրավիճակը, որովհետև Հայաստանը գործ ունի ներմուծման աղբյուրների մոնոպոլիայի հետ, և գնորդները բազմազան չեն։ Վաճառքի ցանցն էլ գերկենտրոնացած է, որը ևս գործոն է և ազդում է ավտովառելիքի գների վրա»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ շատ հետաքրքիր կլիներ տեսնել, որ եթե վառելիքի գները ավելանում են, դրան զուգահեռ ծախսերը էական փոփոխության չեն ենթարկվում, ապա ինչպե՞ս է փոխվել այդ ընկերությունների դիրքը հարկատուների ցուցակում։
«Այնպես որ, այս խնդիրը բազմաթիվ ասպեկտներ ունի, և շուկան որպեսզի հավասարակշռվի, կարգավորվի, այդ անորոշությունների մակարդակը պետք է իջնի։ Բայց բոլոր դեպքերում ընդհանուր տենդենցը այն է, որ էներգակիրների միջազգային շուկայում գների բարձրացում կա, թանկացել են և՛ նավթը, և՛ գազը, և դա, բնականաբար, միջին ժամկետում հանգեցնելու էր ավտովառելիքի թանկացման»,- ասաց Մարգարյանը։
Ինչ վերաբերում է նկատվող գնաճի հակազդմանը, ապա տնտեսագետի խոսքով՝ պետք է դիվերսիֆիկացնել շուկան, ներկրման աղբյուրները դարձնել զանազան։ Հայաստանը, ըստ Մարգարյանի, հնարավորություն ունի վառելիք ներկրելու ինչպես Իրանից, այնպես էլ Թուրքմենստանից, Ղազախստանից և նման այլ աղբյուրներից, որոնք ավելի էժան էներգակիրներ են մատակարարում: «Այդպիսի նախագծեր կան։ Ֆունդամենտալ այն ծրագիրը, որը կա Իրանի հետ նավթավերամշակման գործարան կառուցելու և որոշակի մասը հայաստանյան ներքին շուկայում վաճառելու համար, կարծում եմ՝ ժամանակն է, որ պաշտոնյաները ու բիզնես հանրությունը մտածեն նման կարգի ծրագրեր շրջանառության մեջ դնելու մասին։ Մենք սյնպիսի վիճակում ենք, որ ռազմաքաղաքական վիճակն է պարտադրում նաև ռազմական նշանակության ստրատեգիական վառելիքը՝ բենզինը և դիզվառելիքը, դարձնել հասանելի։ Եվ այս իմաստով պետությունը պետք է միայն հարկ հավաքողի ու դիտորդի դերում չլինի։ Ոլորտը պետք է վերահսկողության տակ վերցնել, որպեսզի այս իրավիճակից ինչ-որ կերպ կարողանանք դուրս գալ»,- նկատեց Մարգարյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Հայաստանը և Ղազախստանը նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։ Մարգարյանի խոսքով, սակայն, հաշվի առնելով վերջին 6-7 ամսվա զարգացումները և այն ֆորմատները, որի մեջ ներքաշված է նաև Ղազախստանը՝ որպես Ադրբեջանի դաշնակից, ապա շատ առումներով հնարավոր է նման խոչընդոտները դեր խաղան Հայաստան նավթամթերքի մատակարարումներ իրականացնելու ընթացքում: «Բոլոր դեպքերում շուկա մտնել-չմտնելու երկընտրանքը նորեկների համար շատ բարդ է ստացվում դրական ելքի իմաստով, եթե շուկայում արդեն հիմնական խաղացողները իրականացնում են կազմակերպված դիմակայություն։ Ես դա չեմ բացառում, և չպետք է խնդրին նայել միայն դեմպինգի տեսանկյունից։ Այս պրոբլեմը ուղղված է ՏՄՊՊՀ-ին։ Եթե նման բան լիներ, ապա իրենք պետք է արձանագրեին և վարույթ սկսեին, բայց մենք նման դեպքի ականատես չենք եղել առայժմ։ Ամեն դեպքում պատասխանատու կառույցները չպետք է թույլ տան, որ շուկաները գտնվեն անարդար մրցակցության տիրույթում, և շուկայի հիմնական խաղացողները գերշահույթներ կամ ռենտա կորզեն ի հաշիվ իրենց հիմնական սնուցողների»,- ասաց տնտեսագետը։
Մեր հարցին՝ ամեն դեպքում ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է հաջողվում, օրինակ, «Ռան-օյլ»-ին ավելի մատչելի վաճառել բենզինը, Մարգարյանը պատասխանեց, որ դասական սխեմայի համաձայն՝ եթե կա շուկայի հնաբնակ խաղացող, և ի հայտ է գալիս նորեկ խաղացող, ապա հնաբնակը երկու տարբերակ ունի՝ կա՛մ պետք է վաճառքի ծավալը թողնի նույնը, կա՛մ կրճատի։ Սովորաբար ողջամիտ մոտեցումը լինում է այն, որ շուկայի հնաբնակ խաղացողը կրճատում է վաճառքի ծավալը, որովհետև եթե նորեկը մտնում է շուկա, նա մեծացնում է առաջարկը, որի պարագայում գները անխուսափելիորեն պետք է նվազեն. «Այսինքն՝ կա խնդիր՝ եթե նորեկը կարողանում է իր ծախսերի շրջանակներում ավելի էժան բենզին ներկրել, և դա դուր չի գալիս շուկայի հնաբնակ խաղացողներին, ապա վերջիններս սկսում են շուկայում ջրերը պղտորել։ Բայց ամբողջ հարցն էլ այն է, որ շուկայի հնաբնակները ըստ էության կա՛մ անարդյունավետ են աշխատում, կա՛մ պարզապես չհիմնավորված շահույթներ են ստանում։ Հարցը ուսումնասիրությունների դաշտում է։ ՏՄՊՊՀ-ն եթե ուսումնասիրի և պարզի, որ, այո, այդ 20-30 դրամը, որը վաճառում է նորեկ ընկերությունը, լրիվ ողջամիտ ծախսերի ու շահույթների շրջանակներում է, իսկ ավելի հնաբնակները պարզապես ավելի բարձր շահույթներ են ստանում դրանք ծախսերի տակ մտցնելով ու խաբում են սպառողներին՝ շորթելով ավելի բարձր գումարներ, ապա արդեն կարող է պարզվել, որ շուկայի հնաբնակները խնդիր ունեն ոչ միայն հիմա, այլև նախկինում։ Մեծ հարց է»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը։
Ինչ վերաբերում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ապա կառույցը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ: