շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դեկտեմբերի 5-ը՝ Կամավորների միջազգային օր

Դեկտեմբերի 5-ը՝ Կամավորների միջազգային օր

Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է Կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հասարակության վերափոխման գործում կարևորել է կամավորական աշխատանքի դերը. «Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին։ Կամավորությունը հանգեցնում է մեր իրականության բարեփոխմանը, համատեղ կերտելու մեր երկրի ապագան: Վստահեցնում եմ, որ կամավորական աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն»։

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործընկեր կազմակերպության հետ օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը։

Ծրագրին մասնակցել են Երևանի, մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդներ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։

Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել են իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ հմտություններ։

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թ. ևս իրականացնելու է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը՝ բյուջեի կրկնակի ավելացմամբ։

  • Կիսվել: