Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում են Առողջապահության նախարարությունից:
՛՛Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն դիմել առողջապահական ծառայություններ ստանալու համար՝ ելնելով ֆինանսական պատճառներից։
Այդ նպատակով ձևավորվել է ՀԱԾ-ի համագործակցության պլատֆորմը, որը սկսած 2011 թվականից աջակցում է երկրներին հասնելու ՀԱԾ-ի հիմնական նպատակին՝ ոչ մեկն անտեսված չպետք է լինի։ Այս նպատակի իրականացմանն է միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝
Պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավումը բնակչության բոլոր խմբերի համար
Ապահովել վարակիչ հիվանդությունների՝ տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելությունը բնակչության բոլոր խմբերի համար
Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների անհետաձգելի բուժօգնությունը՝ սրտի ստենտավորում (stent for life), աորտայի շերտազատման, գլխուղեղի ինսուլտի դեպքում էնդովասկուլյար վիրահատությունները, չարորակ նորագոյացությունների վիրահատությունները, որոնք պահանջում են աղետալի ծախսեր, ապահովել պետական պատվերի շրջանակներում
ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն
ձևավորել մեկ փաթեթ ապահովագրվածների համար
ստեղծել հնարավորություն ամենամսյա վճարումներ կատարելով ապահովել համապարփակ ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուր ապահովագրվածի համար
ապահովել ապահովագրավճարի հավաքագրման արդարությունը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն սուբսիդավորելով երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և ցածր եկամուտ ունեցողների ապահովագրական վճարները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։