Դեբեդ գյուղի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ներդրվեց նոր տրանսպորտային համակարգ
Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի մեկնարկի պաշտոնական արարողությունը։
Հիմնադրամը, ամերիկահայ բարերար Ջեք Յուրեջյանի նվիրատվության շնորհիվ, ձեռք է բերել թվով 16 ժամանակակից ավտոբուսներ և ուղևորատար մեքենաներ, որոնք շաբաթը 7 օր անվճար սպասարկելու են մարզի 30 համայնքի շուրջ 1,500 երեխայի՝ բառացիորեն ապահովելով նրանց կրթական ուղին դեպի ՍՄԱՐԹ կենտրոն և հակառակ ուղղությամբ։ Այս անվճար համակարգի ներդրումը ոչ ֆորմալ կրթության ոլորտում կարևոր քայլ է՝ ապահովելու երեխաների անվտանգությունը և որակյալ կրթական հնարավորություններին հասանելիությունը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի մեկնարկը նոր շունչ և մշակույթ կբերի մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը և կրթության որակի բարձրացմանը։
Համակարգի ներդրման շնորհանդեսի ժամանակ Հիմնադրամի հայաստանյան տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշեց․ «Լոռու կրթական կենտրոնի տրանսպորտային համակարգը որոշ առումով կարելի է համարել պիլոտային, հետագայում այն կներդրվի Հայաստանի այլ մարզերում ևս»։
Ըստ նրա, այս համակարգի ներդրումը ոչ միայն կնպաստի նորարարական կրթության հասանելիությանը, այլև Հայաստանում տրանսպորտից օգտվելու մշակույթի զարգացմանը։
Արարողության ընթացքում ներկայացվեցին նոր համակարգի առավելությունները և առանձնահատկությունները։ Նախատեսվում է կիրառել նույնականացման տեխնոլոգիաներ։ Ներդրվելու է ծրագիր, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել վարորդների վարքին, վարելու ընթացքին և այլն։ Ի դեպ ծրագիրը մշակված է հայ մասնագետի կողմից, որը կոմունիկացիաների ոլորտում նմանատիպ ծրագրեր է մշակել և ներդրել մի շարք արտասահմանյան երկրներում։ Ավտոբուսներում ներդրված է լինելու նաև GPS համակարգ։ 80 վարորդներից երկար և համալիր զննման արդյունքում ընտրվել են 16 լավագույնները։ Նրանք պետք է ամեն օր ալկոթեստ հանձնեն։
Խոսելով ՔՈԱՖ-ի հետագա ծրագրերի մասին՝ Հիմնադրամի հայաստանյան տնօրեն Լիաննա Ղալթախչյանը հայտնեց, որ ներկա պահին ընթանում է ՔՈԱՖ-ի նոր կրթական կենտրոնի կառուցումը Արմավիրում։ Նա ընդգծեց, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում Կապանում և Գորիսում նախատեսվում է բացել 2000 շահառու ունեցող 2 նոր կենտրոններ։
Հեղինակ՝ Վահե Գրդզելյան