հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Դալմայի» «Զառա» խանութում խուլիգանական վարք դրսևորած անձը նաև հագուստ է գողացել

«Դալմայի» «Զառա» խանութում խուլիգանական վարք դրսևորած անձը նաև հագուստ է գողացել

«Դալմայի» «Զառա» խանութում խուլիգանական վարք դրսևորած անձը նաև հագուստ է գողացել։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը: Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը հնարավոր է կատարած լինի Երևանի Ադանայի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում նա հիշյալ առևտրի կենտրոնից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հետագա միջոցառումներով, պարզվել է, որ նա 2019 թվականի դեկտեմբերին, տարբեր օրերի, որպես հաճախորդ գտնվելով Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնում, հագուստ է գողացել:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Դալմա Գարդեն մոլ»-ում տեղի ունեցած խուլիգանության փաստով: Ըստ աղբյուրի՝ Ծիծեռնակաբերդի խճուղու 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում տեղակայված «Զառա» խանութ-սրահում մի խումբ անձինք խուլիգանական արարք են կատարել, տակնուվրա են արել խանութը, այնտեղ ցուցադրվող հագուստները շպրտել, անվայել արտահայտություններ արել աշխատակիցների նկատմամբ, ինչի հետեւանքով խաթարվել է խանութի բնականոն աշխատանքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Լեւոն Խ.-ն եւ 28-ամյա Ադամ Պ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: