հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դա հաստատում է ռեկտորի գնահատականը՝ «գործի» պատվիրված և հորինված լինելու մասին. Սլավոնական համալսարանի ներկայացուցիչ

Դա հաստատում է ռեկտորի գնահատականը՝ «գործի» պատվիրված և հորինված լինելու մասին. Սլավոնական համալսարանի ներկայացուցիչ

Հայ-Ռուսական համալսարանի Իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյանն արձագանքել է ՀՀ Դատախազության երեկվա հայտարարության, որտեղ նշվում է, որ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու օրինական հիմքեր եղել են:

Բաղդասարյանը նշել է.

«Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.

- Քրեական գործ հարուցելու փաստը՝ Ձեր կողմից հիշատակված «նյութերի» հիման վրա զուրկ է որևէ տրամաբանությունից, քանզի այդ պաշտոնական նյութերում չկա որևէ անդրադարձ՝  Ձեր հիշատակած «առերևույթ» խախտումների կամ հանցանքի մասին:

- Ձեր հաղորդագրությունում նշված ՌԴ Դատախազության կողմից ստացված «նյութերը» վերաբերում են Հայ-Ռուսական համալսարանում մեկ տարի առաջ կատարված երկու ստուգումներին. ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից, որի ընթացքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են: Ավելին, որ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը լիազորված չէ ստուգելու համալսարանների բյուջետային հարաբերությունները, գնումների գործընթացը, հաշվապահական հաշվառման և այլ ածանցյալ ոլորտները: Տվյալ պարագայում մեր համար զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:

- Ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ Դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ Դատախազություն, ինչը առանձին քննության կարիք ունի և հաստատում է ռեկտորի գնահատականը՝ «գործի» պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:

- Շատ ավելի հետաքրքիր և երկարատև պատմություն ունի Ձեր կողմից նշված երկրորդ ստուգումը, մասնավորապես ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը: Տվյալ ստուգումը իրականացվել է նույնպես 2021 թվականին, որի վերջնական ակտը կազմվել և ուղարկվել է Համալսարանին 12.03.2021թ.: Պետք է նշեմ, որ տվյալ ակտում ևս արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ: Ավելին, 29.03.2021 թվականին Համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ: Արդյունքում Համալսարանի և ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի միջև հաստատվել է միջոցառումների պլան, և, պարբերաբար, Համալսարանը նախարարության հետ համաձայնեցված շտկում է նշված պլանում առկա ոչ էական խախտումները: Տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և իրադարձությունների նման զարգացումը անտրամաբանական և անհասկանալի է:

- Հաշվի առնելով վերոշարադրյալը` մեզ համար տարակուսելի են Ձեր գրության մեջ տեղ գտած խախտումների որակումները: Պետք է նշեմ, որ նման քրեական գործի հարուցման հիմքում հայտնված, իրականության հետ աղերս չունեցող որակումներ և խախտումներ փորձում էին ստուգման ընթացքում հրամցնել և զետեղել վերջնական ակտում հանձնաժողովի որոշ անդամներ, որոնցից մեկը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ամփոփելով` ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքին, որ գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա մեկ տարի անց քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և մեր կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ:

  • Կիսվել: