երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դա այն ինֆորմացիան չէ, որ պետք  է հանրությանը, և այդ մարդկանց կարող է նաև վնասել. Զառա Ամատունին` մեր գերիների թվի, նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին

Դա այն ինֆորմացիան չէ, որ պետք է հանրությանը, և այդ մարդկանց կարող է նաև վնասել. Զառա Ամատունին` մեր գերիների թվի, նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն բանակցող կողմ չէ, այսինքն բանակցային պրոցեսներում ընդհանրապես ընդգրկված չէ, խոսքը երկխոսության և միջնորդության մասին է, որը մենք կատարում ենք կողմերի միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի գրասենյակի խոսնակ Զառա Ամատունին՝ անդրադառնալով ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների թվաքանակին, փոխանակման պայմանավորվածություններին և նրանց պահման պայմաններին:

«Առաջին օրվանից, երբ սկսեցինք տեսակցել մարդկանց, որոնք պահվում են կողմերում, այդ անձանց հետ կապված բոլոր հարցերը ուշադրության կենտրոնում ենք պահում: Նպատակը` մշտադիտարկել իրենց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները, առողջական վիճակը տեսնել և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ»,-ասաց նա:

Զառա Ամատունին նշեց, որ թեև այդ ընտանիքների հետ կապի մեջ են, սակայն թվի հետ կապված որևէ բան չեն ներկայացնում, քանի որ փակ տեղեկություն է հանրության համար: «Ինչ վերաբերում է փուլային հարցերին, թե վերադարձը ոնց, երբ և քանի հոգու կվերաբերվի, այդ հարցերը կայացնում են կողմերը և քննարկում են կողմերը, մենք օգնում ենք հաղորդակցվել»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ուղղությամբ առաջընթաց կա, նա ասաց, որ այդ ուղղությամբ կա գործընթաց, իսկ թե ինչպես է գնում այդ գործընթացը, դա իրենց և կողմերի միջև փակ երկխոսություն է: Ինչ վերաբերում է խոչընդոտներին, Զառա Ամատունին ասաց, որ գործընթացը չի լինում ամբողջությամբ շատ հարթ, կան տարբեր հանգամանքներ, քննարկումներ, տարբեր առաջարկներ, խնդիրներ, սակայն դրանք բովանդակային առումով մեկնաբանելու չէ, քանի որ փակ է տեղեկությունը:

Դիտարկմանը, թե կան տեսանյութեր, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանանում մեր գերիների և այդ ուղղությամբ ինչ կանխարգելիչ աշխատանք է տարվել, Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը նշեց. «Ես կարող եմ ասել, որ մեր տեսակցությունների նպատակը այցելել, տեսակցել, ստուգել պահման պայմանները, վերադառնալ և վերահսկել:

Մեր գնահատականը մենք տալիս ենք միայն կալանավորող իշխանություններին, հանրության համար փակ ինֆորմացիա է, դրանով մենք կարողանում ենք ապահովել նրանց հետ քննարկումը: Մեր կազմակերպության նպատակն է այս մարդկանց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելով, միևնույն ժամանակ, փակ պահել այս տեղեկությունը հանրությունից, որովհետև այդ բոլոր հարցերը չի վերաբերում հանրությանը, կարող է վնասել նաև»,-ասաց նա և մեջբերեց, որ միջազգային մարդասիրական վերաբերմունքի դրույթներով պետք է փորձել պահել այս մարդկանց հետ բոլոր խնդիրները որքան հնարավոր հեռու հանրային հետաքրքրությունից:

«Հանրության համար դա այն ինֆորմացիան չէ, որ պետք է և այդ մարդկանց կարող է վնասել»,-ասաց նա: Հարցին, թե ամեն դեպքում Դուք խնդիր տեսե՞լ եք, թե ինչպես են վերաբերում մեր գերիներին և դա բարձրաձայնե՞լ եք, նա ասաց. «Չեմ կարող ասել մենք խնդիր տեսել ենք թե ոչ, կարող եմ ասել, որ եթե մենք խնդիր տեսնում ենք կամ երբ տեսնում ենք, միանգամից այդ խնդիրները քննարկում ենք պատասխանատու իշխանությունների հետ: Դա մեր աշխատանքի մասն է, ամեն տեղ այդպես ենք աշխատում, դա նորություն չէ»:

Անդրադառնալով նրան, թե ինչպես կփարատեք մտահոգությունը, որ լուրեր են պտտվում, թե վաճառում են մեր գերիներին, նույնիսկ տարբեր գումարներ են շրջանառվում, Զառա Ամատունին ասաց.«Ես չեմ կարող որևէ բան ասել, կախված այն լուրերի և ասեկոսների հետ, որոնք տարածվում են ինտերնետում: Ընդհանրապես պետք է զգույշ լինել, երբ տարածվում են տեղեկություններ, որոնք կարող են մարդկանց, հատկապես ընտանիքների հոգեկանը խանգարել և պետք է ստուգել սկզբնաղբյուրը: Խնդիրները, որոնք ունենում են այս ընթացքում ընտանիքները, ում հարազատը անազատության մեջ է կամ մարդիկ չգիտեն, թե ուր է, կարելի է ամենավատ երազում պատկերացնել և մարդիկ ամեն օր են այդ վատ երազում ապրում, ուստի պետք է փորձել այդ անպատասխանատու տեղեկությունների տարածմամբ չզբաղվել, իսկ եթե նման բաներ կան պետք է ուղղել համապատասխան ատյաններ, ոչ թե ֆեյսբուք գցել»:

 

  • Կիսվել: