Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Շիրակի մարզում
Սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզի Ամասիայի նախկին մշակույթի տան չշահագործվող շինության տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը փլատակներում՝ հրդեհի առկայությամբ» թեմայով:
Ուսումնավարժությունը ղեկավարում էր Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն էր Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ադամյանը:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, Ամասիայի, Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատների և ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունների ներկայացուցիչները։ Ներկա էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի «Շիրակ» շահագործման տեղամասի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև Ամասիայի համայնքապետարանի ղեկավար կազմը:
Կարևորելով որոնողափրկարարական աշխատանքների իրականացման դեպքում արձագանքող ուժերի գործնական հմտությունների ամրապնդումն ու ներգրավված անձնակազմի միջև փոխհամագործակցության կատարելագործումը՝ մասնակիցների կողմից, ըստ աշխատանքային տեղամասերի, իրականացվել են գործնական միջոցառումներ, մասնավորապես՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի հետախուզություն, վթարային անջատումներ, հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, հրդեհաշիջման, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, կոմունալ-տեխնիկական ցանցերի վերանորոգում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում ու տեղափոխում շտապօգնության մեքենա:
Ամփոփելով ուսումնավարժության արդյունքներն ու վերլուծելով կատարված աշխատանքները՝ արձանագրվել են թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ:
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել մասնակիցների կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ վերջիններս կատարել են իրենց վրա դրված պարտականությունները: