ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Չարենցավանում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից շարունակաբար իրականացվող գիտելիքների ամրապնդման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հանրապետության տարբեր համայնքներում պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական բնույթի ուսումնավարժություններ։ Այս նախաձեռնությունները կարևոր նախադրյալ են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունների ձևավորման և ներգրավված կառույցների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր ձևավորել արագ արձագանքման հստակ համակարգ՝ դպրոցի տարածքում հրդեհի դեպքում անձնակազմի և աշակերտների անվտանգ տարհանման, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների փոխգործակցության կարողությունների բարելավման ուղղությամբ։

Ուսումնավարժությանը տեղում հետևում էին Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Չարենցավան համայնքի ներակայացուցիչներ։

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության, Չարենցավանի բժշկական կենտրոնի «1-03» ծառայության, «Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի անձնակազմը (տնօրինություն, ուսուցիչներ, աշակերտներ), ինչպես նաև «Ամպեր» կրթական հիմնադրամի աշխատակազմը, ովքեր տեղում ապահովել են օդային հետախուզություն և փորձարկել նորարարական փրկարարական մեթոդներ։

Նմանօրինակ միջոցառումները միտված են գործնականորեն ամրապնդելու արտակարգ իրավիճակներին դիմագրավելու կարողությունները և ապահովելու դպրոցականների անվտանգությունը։

  • Կիսվել: