երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Չարենցյան ամառ» ծրագիրը կամրապնդի աշակերտ-ուսուցիչ-ընթերցանություն- թանգարան կապը. մեկնարկն ազդարարված է

«Չարենցյան ամառ» ծրագիրը կամրապնդի աշակերտ-ուսուցիչ-ընթերցանություն- թանգարան կապը. մեկնարկն ազդարարված է

Դպրոցականների ամառային հանգիստը կրթամշակութային-հետազոտական ժամանցով հարստացնելու, պատանի տարիքից դեպի հետազոտությունը հետաքրքրություն առաջացնելու, աշակերտ-ուսուցիչ-ամառ-ընթերցանություն-գրականություն-գիտություն-թանգարան կապն ամրապնդելու նպատակով Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, համագործակցելով Հայաստանի գրողների միության հետ, մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագիրը, որի կարևորագույն խնդիրներից է բացահայտել Չարենցի կերպարը, նրա «օգնությամբ» ծանոթանալ ժամանակի մյուս մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագներին, ստեղծագործական ժառանգությանը, նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ ծրագրի մեկնարկն այլ ձևաչափով տրվել է նախորդ տարի, բայց, հաշվի առնելով դրական արձագանքները, լրամշակված տարբերակով իրականացնում են նաև 2024-ին և հույս ունեն, որ այն շարունակական կլինի:

«Այս նախագծի նպատակն է ամառային  հանգիստն ապահովել կրթական ժամանցով և հետաքրքրություն առաջացնել հետազոտական, կրթական, գիտական աշխատանքի հանդեպ, ինչու չէ՝ աջակցել դպրոցականներին մասնագիտական կրթության հարցում: Ընտրել ենք 14-17 տարեկան դպրոցականներին, քանի որ նրանք կանգնած են մասնագիտական կրթության ընտրության առաջ, իսկ ծրագիրը կարող է նրանց օգնել»,-ասաց Մանուկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ նախարարության ռազմավարության գլխավոր նպատակներից և ուղղություններից մեկը կրթությունն է: «Մենք ամեն կերպ ձգտում ենք ամրացնել կրթական բաղադրիչը, կրթական ծրագրերը թանգարաններում: Այդ նպատակով ենք վերանայել դպրոցական բաժանորդային համակարգը, որն այսուհետ մոտեցված է դպրոցական կրթական ծրագրերին, ստեղծել ենք Մշակույթի զարգացման հիմնադրամ, որը միտված է թեթևացնել, բեռնաթափել թանգարանների այլ գործառույթները, որ թանգարանները կարողանան ավելի շատ կենտրոնանալ գիտական ու կրթական նախաձեռնությունների վրա»,-շեշտեց Քոչարյանը:

Անդրադառնալով «Չարենցյան ամառ» ծրագրին՝ նա ասաց՝ այն դպրոցականներին հնարավորություն է տալիս կյանքը հարստացնել մշակութային ժամանցով, բացահայտել Չարենցի կերպարը, նրա օգնությամբ այլ մեծերի կյանքի հայտնի և անհայտ դրվագներն ու ստեղծագործական ժառանգությունը: Փոխնախարարը բոլոր ուսուցիչներին հորդորեց մասնակցել ծրագրին և իրազեկել աշակերտներին:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շատ է կարևորում ընթերցանության նշանակությունը յուրաքանչյուրի կյանքում: «Ընթերցելը և՛ գիտելիք է, և՛ հոգու զարգացման հնարավորություն: Չարենցին կարդալով՝ հանգում ենք մի գաղափարի՝ կարդալ նշանակում է ստեղծագործել, իսկ պատանիներին անհրաժեշտ է հենց այդ ուղղությամբ կրթել: Պետք է ընտրողաբար մոտենալ ընթերցանությանը, կարդալ գրքեր, որոնք բարձրացնում են մեզ: Չարենց ընթերցելով, նրա փորձը ուսումնասիրելով պետք է կարողանանք  տարածել ստեղծագործելու գաղափարը: Չարենցը 14 տարեկանից Կարսի այգում նստած կարդում էր աշխարհ մեծերին, ռուսական ռեալական դպրոցում սովորելիս ծանոթացել է ռուսական սիմվոլիզմին: Այդ ամենը նրան մշակութային, գրական կուլտուրա են փոխանցել: Առանց այդ ամենը կարդալու նա չէր կարող ստեղծել «Ծիածան» շարքը, այլ գործեր, հետագայում՝ հայ դասական և համաշխարհային գրականության լավագույն նմուշները»,-շեշտեց Միլիտոնյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ կարդում ես, ճյուղավորումներ է տալիս, որոնք անհատին ակտիվ ընթերցող են դարձնում: Միլիտոնյանը կարծում է՝ կրթական ծրագիրը պետք է նպաստի հենց այդ գաղափարին:

«Չարենցյան ամառ» ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝ հետազոտական աշխատանք, գիտաժողով, նյութերի ժողովածուի հրատարակում: Գրական-մշակութային վերոնշյալ երկու կառույցների կողմից հաստատված հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ամռանը հայտարարելու է հետազոտական աշխատանքի խորագիրը, որի շրջանակում գրականասեր-չարենցասեր պատանիներն ուսուցիչների խորհրդատվությամբ կուսումնասիրեն Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, բանաստեղծի միջանձնային, ստեղծագործական կապերը ժամանակի գրողների, արվեստագետների (հայ կամ օտարազգի) հետ: Հետազոտական աշխատանքն ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից ընտրված հայտերի հեղինակները կմասնակցեն Ուսուցչի տոնի շրջանակում կազմակերպվող գիտաժողովին: Լավագույն նյութերը կհրատարակվեն: 2024 թվականի խորագիրն է «Չարենցը և գիրքը»: Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://forms.gle/hMXLRknsCcbtPseu9 հղումով: Հետազոտական աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են): Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12): Ավանդույթի համաձայն՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը յուրաքանչյուր ծրագիր նախաձեռնելիս առաջնորդվում է բանաստեղծի պատգամներով: Վերոնշյալ ծրագիրը նրա՝ «Մանուկ ընթերցողների կոնֆերանսի» գաղափարի այլընտրանքային իրականացումն է:

Չարենցի տուն-թանգարանը մեծ գրողի 125-ամյակին մեկնարկել էր Չարենցի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակությունը: Արդեն հրատարակվել է առաջին հատորը, այժմ իրականացվում են երկրորդ հատորի հրատարակման աշխատանքները: Տուն-թանգարանը նաև նախատեսում է թարգմանել հեղինակի մի շարք ստեղծագործություններ, քանի որ թանգարանի առաքելությունն է հանրայնացնել Չարենցի անունը, և այդ գործում մեծ դեր կարող են խաղալ նրա թարգմանությունները:

  • Կիսվել: