երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ցավում եմ, որ մեր եղբայրները գնացել են ծառայության մի բանակում, որի նախարարը եղել է Սեյրան Օհանյանը. Արփի Դավոյան

Ցավում եմ, որ մեր եղբայրները գնացել են ծառայության մի բանակում, որի նախարարը եղել է Սեյրան Օհանյանը. Արփի Դավոյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագրի քննարկումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հիշեցրեց հունարի 28-ին Սեյրան Օհանյանի տված հարցազրույցը և դրանում իշխանությանն ուղղված մեղադրանքները:

«Երբ հարցրին՝ գլխավոր դատախազը պատրաստվո՞ւմ է գալ Ազգային ժողով, ինքն այդ համատեքստում պատասխանեց, որ մենք (- խմբ. նկատի ունի կառավարող ուժը) պետական կառավարման համակարգում հմտություն չունենք, միայն խոստումներ ենք տվել և հանրությանը պետք է մոլորեցնենք ու շեղենք»,- ասաց Դավոյանը՝ ապա շարունակեց մեջբերել Օհանյանի խոսքերը. «Նախապատրաստված գործիքակազմ և տվյալներ ունեն, որոնք նետելու են հանրության մեջ՝ հանրությանը շեղելու համար: Մտավախություն չունեմ, շատ պետք է աշխատեն, որ կարողանան կատարել այն գործը, որ մենք ենք իրականացրել: Որքան էլ մեզ հետապնդեն, այդ հետապնդումն այնքան ծանր չէ, որքան բանակի վիճակը և Արցախի վիճակը, և ինչ պիտի արած լինենք, որ իրենց հասնենք»:

Շարունակելով՝ Դավոյանն ասաց. «Այո՛, 5 միլիարդ դրամ մենք չենք գողացել և այդ մեքենայությունների շղթան մենք չենք սարքել, որի արդյունքում 5 միլիարդ և ավել դրամ են գողացել, կերել, հիմա էլ ասում են, որ մենք ենք մեղավորը: Դա անպատժելիության արդյունք է»:

Նա նաև վերհիշեց, որ տարիներ առաջ «Հանրապետական» կուսակցության պաշտոնյաներից մեկն ասում էր, թե Հայաստանի վարչապետ դառնալու ճանապարհը տանում է Մելիք Ադամյանով. «Իրենք վստահ էին, որ մոտակա 100 տարին իրենք են լինելու իշխանության, և՛, այո, 5 միլիարդ դրամ են տանելու, ու այդպես շարունակ՝ վստահ լինելով, որ որևէ կերպ չի բացահայտվելու իրենց կերածը և թալանածը, սակայն 2018 թվականը բոլոր պլանները խառնեց»:

Պատգամավորի խոսքով՝ նույն այդ մարդիկ, որոնք իշխանությանն են մեղադրում, Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017 թվականին, հրավառությամբ նշեցին իրենց հաղթանակը:

«Երեկ մեզ մեղադրում էին վախեր ունենալու մեջ, և հիմա դահլիճի ընդդիմադիր հատվածը դատարկ է, պարզ է, թե ովքեր և ինչից վախեր ունեն: Չունեն խոսքեր, որ արդարանան, բայց, վստահաբար, գնալու և ելույթներ են ունենալու, փորձագիտական կարծիքներ են հայտնելու, ասելու են, որ այս գործերը կարված են: Սցենարը նույնն է լինելու»,- նկատեց Դավոյանը:  

Վերջինս ցավ հայտնեց, որ ապրել ենք այս հասարակությունում, մեր եղբայրները գնացել են ծառայության այս բանակում, որի նախարարը եղել է Սեյրան Օհանյանը. «Տիկին դատախազ, շնորհակալություն եմ հայտնում այս զեկույցների համար, որովհետև մեր հանրությունը երկար է սպասել արդարության, և ես վստահ եմ, որ մենք այսօր արդարության ճանապարհին ենք»:

  • Կիսվել: