շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով.  մանրամասներ Կոռնիձորից

Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով. մանրամասներ Կոռնիձորից

Արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով իրականացվում է բռնի տեղահանված անձանց տեղափոխում Հայաստան: Նրանց դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում: 

Կոռնիձոր-Գորիս ճանապարհահատվածը երթևեկության առումով չափազանց ծանրաբեռնված է: Ոստիկանության մեքենաները պարբերաբար բռնի տեղահանվածներով ավտոշարասյուներն այնտեղից ուղեկցում են Գորիս:  

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Կոռնիձորում հաշվառումից հետո այն քաղաքացիները, որոնք ունենում են կեցության հետ կապված խնդիրներ, նրանց ուղեկցում են Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոն, որտեղ պատկան մարմինները նրանց ապահովում են ժամանակավոր բնակության վայրով: Ըստ անհրաժեշտության՝ մարդկանց Կոռիձորում ցուցաբերվում է նաև հոգեբանական աջակցություն, բուժօգնություն: 

«Այս ամբողջ ընթացքում բռնի տեղահանվածների հոսքը չի դադարում, Կոռնիձում տեղակայված վրանային կայանն ու Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոնն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ հասցեագրվեն մարդկանց կարիքները: Նրանց փաստաթղթավորումն իրականացվում է տեղում, գրանցվում են, որպեսզի հետո նրանց հոգսերը հոգալու գործընթացը սկսվի: Ժամը 17:00-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից արդեն իսկ Հայաստան է մուտք գործել 6650 բռնի տեղահանված: Նրանց աջակցելու աշխատանքները շարունակական են, պետական բոլոր պատասխանատու մարմինները ներգրավված են մեր հայրենակիցներին օգնելու գործընթացում, որպեսզի բոլոր խնդիրները հնարավորինս լուծվեն»,- ասաց Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում բավականին շատ են տարեցներն ու երեխաները: Կան նաև շատ քաղաքացիներ, որոնց ընտանիքի անդամները դեռ գտնվում են Լեռնային Ղարաբաղում և պարբերաբար տեղակացնում են, թե ինչ փուլում է գտնվում հարազատների տեղափոխումը: 

«Կառավարությունը նախապես հայտարարել էր 40 հազար ընտանիք ընդունելու մասին: Անհրաժեշտության դեպքում կարողությունները պետք է մեծանան և բնականաբար բոլոր բռնի տեղահանվածների խնդիրները կհասցեագրվեն: Գորիսի կոորդինացիոն կենտրոնը զբաղվում է կեցություն տրամադրելու հարցերով, սակայն քաղաքացիներին օթևան տրամադրելու աշխարհագրությունը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով: Իսկ ինչ վերաբերում է Կոռնիձորի հատվածում տեղակայված հումանիտար բեռով լի ավտոշարասյանը, ապա որոշում է կայացվել ավտոշարասյունը տեղափոխել Գորիս, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական ուղեբեռը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների և ԿԽՄԿ-ի աշխատակիցների միջոցով»,-նշեց Սարգսյանը: 

Վրանային կայանում աշխատող ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներին օգնում են նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներն ու բազմաթիվ կամավորները: Չափազանց կարևորվում է հատկապես բուժաշխատողների աշխատանքը: 

Խնձորեսկի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Աշոտ Թելունցն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Կոռնիձորում Կարմիր Խաչի աշխատակիցների հետ ցուցաբերում են առաջնային բուժօգնություն: 

«Թեև օրվա ընթացքում լինում են պահեր, երբ մարդկանց հոսքը մեծանում է, սակայն մեզ հաջողվում է սպասարկել և բուժօգնություն սուցաբերել բոլորին: Մարդիկ հիմնականում բողոքում են զարկերակային հիպերտենզիայից, բարձր ճնշումից, գլխացավից, սրտխառնոցից: Եթե ախտորոշվում է ծանր վիճակ, նրանց անմիջապես շտապօգնության մեքենաներով տեղափոխում են Գորիսի հիվանդանոց: Մինչ այս պահը ժամանողների մեջ բարեբախտաբար ծանր վիճակով հիվանդները շատ չեն: Առողջական խնդիրներ ունեն հիմնականում տարեցները և նրանք, ում մոտ հասկանալի պատճառներով սրվել են սիրտանոթային հիվանդությունները»,- ասաց Թելունցը: 

Նա տեղեկացրեց, որ բժիշկները Կոռնիձոորի վրանային կայանում աշատում են 24-ժամյա ռեժիմով, հետո նրանց փոխարինում են գործընկերներն այլ բնակավայրերի բուժհաստատություններից: Հերթափոխը տեղի է ունենում առավոտյան ժամը 09:00-ին: Բռնի տեղահանվածների հետ Կոռնիձորում մասնագիտական աջակցություն են ցուցաբերում նաև Կարմիր խաչի հոգեբանները՝ հաշվի առնելով, որ մեր հայրենակիցներից շատերը գտնվում են հոգեբանական ծանր վիճակում: Լեռնային Ղարաբաղից ժամանողներից շատերին դիմավորում են նաև Հայաստանում բնակվող բարեկամները, որոնք մեքենաներով սպասում են վրանային կայանի հարևանությամբ: Մարդականց օգնելու համար ստեղծված են առաջնային անհրաժեշտ բոլոր պայմանները: 

  • Կիսվել: