ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից «Արագած պեռլիտ» ԲԲԸ գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։
ԲԸՏՄ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն, ապա «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ում անցկացրել ստուգում, որի արդյունքում հայտնաբերել են բնապահպանական նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝
- ընկերության կողմից հանքի շահագործումն իրականացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի հիման վրա տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների/արտանետման թույլտվությունների.
- չեն պահպանվել սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները
- չի իրականացվել թափոնների գույքագրում.
- չեն վարվել թափոնների գոյացման համար՝ սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման համար՝ ընդհանուր հաշվառման գրքեր.
- եռամսյակային հաշվարկ հաշվետվություններում չեն ներառվել պեռլիտի հանքավայրի տարածքից արտանետված վնասակար նյութերի քանակները.
- ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել և չի վարվել երկրաբանական փաստագրություն.
- չի կատարվել փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում.
- օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան.
- չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում.
- չեն կատարվել ընդերքօգտագործման վճարները, մասնավորապես՝ մշտադիտարկումների իրականացման վճարները.
- լիազոր մարմնին չեն ներկայացվել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները:
Ընկերության նկատմամբ նշանակվել է 3 վարչական տույժ՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 463.500 ՀՀ դրամ։
«Արագած պեռլիտ» ԲԲԸ-ին տրվել են խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։
