հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Բուհերի ո՞ր բաժիններն են պահանջված եղել այս տարվա դիմորդների կողմից․ Կարո Նասիբյանը մանրամասնել է

Բուհերի ո՞ր բաժիններն են պահանջված եղել այս տարվա դիմորդների կողմից․ Կարո Նասիբյանը մանրամասնել է

Ամեն տարի դիմորդների ինչ-որ մի հատված մտածում է՝ եթե այս տարի այս կամ այն մասնագիտությամբ ավելի ցածր միավորով են ընդունվել, հաջորդ տարի նախապատրաստվում են այդ մասնագիտությանը և այդտեղ կոնկուրսը մեծանում է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով այս տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունները։

«Դա դիմորդների մի մասն է, մեծ մասը կողմնորոշված են մտնում քննասենյակ, կողմնորոշված են հայտը ներկայացնում և պայքարում են իրենց մասնագիտությամբ սովորելու համար: Անցյալ տարի Բժշկական համալսարանի Ստոմատոլոգիա բաժին ընդունվել են նաև 24 միավոր ստացած դիմորդները: Այս տարի ամենից մեծ մրցույթը այս բաժնում է, 1 տեղի համար 2,4 մարդ: Երկրորդ տեղում Հանրային քաղաքականություն և կառավարում մասնագիտությունն է, որտեղ 1 տեղի համար պայքարել է 2.3 մարդ: Հաջորդն իրավագիտությունն է՝ 1 տեղի համար 2,1 մարդ: Մեզ համար անսպասելիորեն ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնում ունենք 1 տեղի համար 2 դիմորդ: Նույնիսկ քաղաքագիտությունը 1 տեղի համար 1,9 դիմորդ է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջին տասնյակում տնտեսագիտություն, ֆինանսաներ մասնագիտությունները չեն ընդգրկվել:

Հարցին, թե որ մասնագիտություններն են  «անտեսվել» դիմորդների կողմից, Նասիբյանը պատասխանեց.«ԵՊՀ-ն և Պոլիտեխնիկը տարկետման իրավունքով տեղեր ունեն: Եվ անցյալ տարի, և այս տարի ԵՊՀ-ում քիմիա մասնագիտության համար անվճար տեղ կա, որը տարկետման իրավունք  է տալիս  տղաների համար,  այն չի համալրվել: Եվ Ագրարային համալսարանում, և կարծեք թե Մանկավարժական համալսարանում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է: Քննությունների առաջին փուլի արդյունքում մոտավորապես 50 դիմորդ է համալրել  Ագրարային համալսարանի մասնագիտությունները: Նույնը կարելի է ասել մարզերի բուհերի մասին, բայց Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի այս տարի»:

  • Կիսվել: