ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը

ԲՏԱ նախարարն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:

Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր պետական կառույցների կողմից: «Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2020 թվականի ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև աճել է երկու անգամ՝ չնայած համավարակին: Իհարկե, բացարձակ արժեքով սա այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ, սակայն ցույց է տալիս ոլորտի ներուժը և հստակ միտումը»,- նշել է դեսպանը:

ԲՏԱ նախարարը նշել է, որ հայկական կողմը հատկապես կարևորում է «հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում և դրա հիման վրա հարաբերությունների խորացումը մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտ է»:

Ղազախական կողմին է ներկայացվել տեխնոլոգիական կրթության հայկական փորձը: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել թվայնացման օրակարգի, հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը նշված բոլոր ոլորտներում: Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Չոբանյանը հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն ավելի կոնկրետ ծրագրերի շուրջ՝ աշխատանքային խմբերի մակարդակով:

  • Կիսվել: