շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Չեխիայի միջև արդյունավետ համագործակցությունն ընդլայնվելու մեծ ներուժ ունի. Խաչատրյան

Բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ի և Չեխիայի միջև արդյունավետ համագործակցությունն ընդլայնվելու մեծ ներուժ ունի. Խաչատրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չեխիայի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորված, որն ընդլայնվելու մեծ ներուժ ունի։

Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստան գալու առաջին օրվանից ցանկություն ուներ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է ԲՏԱ նախարարության արագ արձագանքից։ Դեսպանը նաև հայտնել է, որ հասցրել է ծանոթանալ և պատկերացում կազմել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնապես տպավորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, տեղյակ է հայ ինժեներների բարձր որակավորումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, Չեխիայի Հանրապետությունում Թումոյի մասնաճյուղ բացելու հնարավորությունները։

Ռոբերտ Խաչատրյանը և Պետր Պիրունչիկը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել առավելագույնս ընդլայնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակները։

 

  • Կիսվել: