կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
 Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին

Նեթանյահուն նախազգուշացրել է Ասադին

Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության կողմից վերջերս իրականացված գնդակոծությունների:.Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Սիրիայի իշխանություններին և նախագահ Բաշար ալ Ասադին, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրման դեպքում նրանք «բարձր գին կվճարեն»։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայում մենք հարձակվեցինք իրանական թիրախների և սիրիական կառավարության թիրախների վրա: Ասադի ռեժիմը քաջ գիտակցում է, որ իրենց վճարած գինը միայն սկիզբն է: Եթե նրանք շարունակեն թույլ տալ, որ հրթիռներ արձակվեն Իսրայելի վրա, Ասադի ռեժիմը դրա համար շատ լուրջ գին կվճարի»,- ասել է Նեթանյահուն իսրայելական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում։

Նա ընդգծել է, որ Իսրայելը չի ձգտում սրելու լարվածությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է «շատ հզոր գործողությունների բոլոր ճակատներում» ցանկացած հակառակորդի դեմ։

Իսրայելցի զինվորականներն ապրիլի 8-ի երեկոյան արձանագրել են Սիրիայից երեք հրթիռի արձակում. դրանցից մեկը թռել է Իսրայելի տարածք և ընկել Գոլանի բարձունքների անմարդաբնակ տարածքում։ Մի քանի ժամ անց Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ևս երեք հրթիռ, որոնցից երկուսը թռել է հրեական պետության տարածք, հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Զինվորականները պարզաբանել են, որ երկրորդ հարձակման ժամանակ մեկ հրթիռ ընկել է անմարդաբնակ տարածքում, երկրորդը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ի պատասխան՝ իսրայելական կործանիչները գրոհել են սիրիական բանակի չորրորդ դիվիզիայի ռազմական համալիրը, ռադիոտեղորոշիչ համակարգերը և հրետանային դիրքերը, հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: