Բաքուն ու Անկարան շարունակում են աղմկել լիբանանահայերի Արցախ տեղափոխման վերաբերյալ
Հակառակորդի մամուլը, հղելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթին, գրում է, որ Արցախում ժողովրդագրական փոփոխությունների նպատակով շարունակվում է լիբանանահայերի բնակեցումը:
«Այդ անվան տակ այնտեղ են տեղափոխվում սիրիացի հայեր»,- պնդում է թուրքական լրատվամիջոցը: «Ջումհուրիեթը» գրում է, որ տեղեկություններն ստացել է «տարածաշրջանի անվտանգության կառույցներից»: Կոնկրետ ո՞ր երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Թուրքական լրատվամիջոցն ավելացնում է, որ Արցախ են «տեղափոխվել նաեւ Քրդական բանվորական կուսակցության հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք տեղում վարժեցնում են հայ զինծառայողներին»:
Ըստ «Ջումհուրիեթի»՝ դա հնարավոր է դարձել Ֆրանսիայի միջնորդությամբ, որի հովանու ներքո էլ ընթացել են «Քրդական բանվորական կուսակցության եւ հայկական կողմի միջեւ բանակցությունները»: Թուրքական լրատվամիջոցը մեջբերում է նաեւ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սուլեյմանիին, ով «ողջունում է քուրդ զինյալների ներկայությունը Ղարաբաղում»: Իր հերթին հակառակորդի մամուլը գրում է, որ քուրդ զինյալների ռազմական ճամբարներ կան «օկուպացված Քելբաջարի շրջանում»:
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական քարոզչությունը տեղեկատվական հարձակում է նախաձեռնել միանգամից մի քանի ուղղություններով եւ թիրախավորում է ոչ միայն հայկական կողմերին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային եւ տարածաշրջանում ազդեցիկ երկիր Իրանին: Սա այն դեպքում, երբ սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարեց, որ դեռեւս 90-ական թվականներից Ադրբեջանում «մշտապես գտնվել եւ գտնվում են թուրք սպաներ եւ կամավորականներ եւ այժմ ամեն ինչ ֆորմալացնելու ժամանակն է»: Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան:
Այդ մասին Եգիպտոսի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: Քարոզչա-տեղեկատվական հարձակումը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նախաձեռնել է, փորձ է խուսափելու պատասխանատվությունից եւ իրավիճակի հնարավոր սրացման համար մեղադրելու Հայաստանին եւ Արցախին:



