երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի. կառավարությունը հաստատեց որոշումը

Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի. կառավարությունը հաստատեց որոշումը

Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։
 
Գործադիրի հիմնավորմամբ` դա հնարավորություն կտա ապահովելու Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ հնարավորությունը։
 
«Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև կրթական ու ճանաչողական նպատակներով, թույլ կտա ապահովել մշակութային արժեքի պահպանումը և հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու հանրայնացումը»,– նշված է որոշման մեջ։
Կառավարությունը կարծում է, որ արձանի ու պատմական միջավայրի վերականգնումը նաև զբոսաշրջային նպատակներին կծառայի։
Գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 15-ը։ Նախատեսվում է գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը։ Փոխհատուցումն իրականացվելու է 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։
Հիշեցնենք` թուջից ձուլված 11–մետրանոց արձանը 1982 թվականին տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանին հարակից հրապարակում։ «Փառք աշխատանքին» արձանը ժողովուրդը կոչեց «Բանվորի արձանը»։
Քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ` բանվորի արձանը ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։
1997 թվականին արձանն ապամոնտաժվեց և մասնատվեց, որոշ հատվածներ, որոնք արձանի անհետացումից 25 տարի անց հաջողվել էր գտնել ու պահպանել, 2022թ–ի հունիսին ցուցադրության դրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։

  • Կիսվել: