ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա. Դավիթ Տոնոյան

Բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա. Դավիթ Տոնոյան

«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին  շարունակում է գտնվել ՀՀ մոտ 160 քաղաքացի: Նրանք մնում են օդանավակայանում այն համոզմամբ, որ այս կերպ Հայաստանի կառավարությունը խնդիրը շատ արագ կլուծի: Շարունակում են հրաժարվել տրամադրված սննդից ու այսօր էլ հայտնել են, որ առհասարակ իրենց սնունդ պետք չէ տանել, միևնույն է, հրաժարվելու են:

ՀՀ քաղաքացիերը հրաժարվում են իրենց տրամադրված հյուրանոցային համարներից, և այս ամենն արդեն մի տեսակ ակցիայի է նմանվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը:

Նրա փոխանցամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, Հայերի միությունը, անհատ բարերարներ ու գործարարներ աջակցել են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ցուցակագրված 3000 քաղաքացիներին՝ նրանց տեղավորելով հյուրանոցներում, հյուրատներում և այլ վայրերում,  սակայն քաղաքացիների մի զգալի մասը շարունակում է անտեսել օդանավակայանում կուտակումներ չառաջացնելու բոլոր կողմերի կոչերն ու շարունակում է մնալ այնտեղ:

«Այս պահին, բացի Հայաստանի քաղաքացիներից, որևէ այլ ազգի ներկայացուցիչ «Դոմոդեդովո» օդանավակայանում չկա: Մեր հայրենակիցները շարունակում են սպասել այնտեղ այն դեպքում, երբ նրանց տեղեկացվել է, որ  մինչև ապրիլի 23-ը որևէ չարտերային  չվերթ տեղի չի ունենալու»,- ասաց  Տոնոյանը:

Այն, որ մինչև ապրիլի 23-ը չարտերային չվերթ չի լինելու, 168.am-ի հետ զրույցում պնդեց  նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Պարետատունը, կառավարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, զբաղվում են խնդրի կարգավորմամբ: Այս պահին հստակ է, որ մինչև ապրիլի 23-ը որևէ չվերթ չի իրականացվի»,- ասաց  Գևորգյանը:

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանից տեղեկացնում են, որ Վարդան Տողանյանը տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ և կոչ է արել չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ՝ գործողությունները համադրելով  վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ:

  • Կիսվել: