ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանության արժանացրեց ապաստանի հայցի հետ կապված նախագծի փաթեթը

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանության արժանացրեց ապաստանի հայցի հետ կապված նախագծի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության արժանացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:  Հիմնական զեկուցող Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ նախագիծը հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ, կատարվել են մի շարք աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքում դետալային կերպով նախագիծը լրամշակվել է:

«Վերջին քննարկման արդյունքում, որին մասնակցում էին Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի մեր գործընկերները, անդրադարձ է կատարվել վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների հարցին, որը ևս լրամշակվել է: Մեկ փոփոխություն կատարվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում, ըստ որի՝ հստակորեն սահմանվել են այն մարմինները, որոնց վրա պարտավորություն կա ծանուցելու ապաստանի ընթացակարգի մասին այն սուբյեկտներին, որոնք նախատեսված են տվյալ նախագծի կարգավորման շրջանակում»,-ասաց Արմեն Ղազարյանը: Ըստ նրա՝ Վարչական դատավարության օրենսգրքում էլ կատարված փոփոխությունն առնչվում է այն հանգամանքին, որ նմանատիպ գործերը պետք է քննվեն ՀՀ առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է:

«Սա իրականում ուղղված է, այսպես կոչված, «պսևդո-փախստականների» դեմ պայքարին: Երբ անձը, ըստ էության, հատում է Հայաստանի սահմանն ապօրինի կամ օրինական հիմունքներով է գտնվում Հայաստանում, այնուհետև հայտնի է դառնում, որ նրա նկատմամբ իքս երկրում հետախուզում է հայտարարվում: Դրանից խուսափելու համար, երրորդ երկրում կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ոչ բարեխիղճ փաստաբանների օգնությամբ նա ստանում է համապատասխան հուշում, որ եթե դիմի ապաստանի համար, ապա Ժնևի Կոնվենցիայի ուժով իրավունք չեն ունենա իրեն հետ հանձնել իր երկրին: Սկսվում է մի գործընթաց, որը չի համապատասխանում իրավական պետության չափորոշիչներին, որովհետև, ըստ էության հանցագործություն կատարած անձը արհեստականորեն ձեռք է բերում իքս կարգավիճակ (խմբ.-փախստականի կարգավիճակ) և արդարադատություն չի իրականացվում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով, ծանրաբեռնվածության պատճառով դատական համակարգի գործընթացը բավական երկար է տևում, առաջարկ կա ժամկետների որոշակի սահմանափակումներ դնել, որպեսզի և ապաստան հայցած անձը կարողանա արագ ստանա որոշում ի վերջո պետությունը բավարարելու է իր դիմումը, թե ոչ, և իրավապահներն ունենան կանխատեսելի ժամկետներ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց գործընթացը:

  • Կիսվել: