հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ-ն հետաձգեց օդանավակայանի տաքսիների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը

ԱԺ-ն հետաձգեց օդանավակայանի տաքսիների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նշենք, որ օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տաքսիներին ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա տրամադրել:

Նախագծում, մասնավորապես, ասված է. ՛՛Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ՛՛:

Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է հետևյալ կերպ՛. ՛Օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում:

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար՛՛:

Ինչպես ասացհանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նախագիծը կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել, տպավորություն է, թե զբոսաշրջիկներն ավելի են կարևորվում, քան ՀՀ քաղաքացիները, ուստի նա առաջարկեց շարունակել նախագծի վերաբերյալ քննարկումները, և դրա ընդունումը հետաձգել:

Նախագծի ընդունումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:

 

  • Կիսվել: