չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են ավարտական վկայականներ

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են ավարտական վկայականներ

«Վստահ եմ՝ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերել այս ամիսների ընթացքում Ազգային ժողովում միայն սկիզբն են նոր ձեռքբերումների եւ հաջողությունների»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2023 թվականի շրջանավարտներին: 
   
 Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել ծրագրի մասնակիցների ներգրավվածությունն ԱԺ աշխատանքներում եւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովրդավարության ինստիտուտին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն արդեն հինգերորդ անգամ ծրագիրն իրականացնելու եւ հայ երիտասարդներին օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: 
   
 Ծրագրի շրջանավարտներին շնորհավորել են նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսը, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի խորհրդանական ծրագրերի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանը: 
   
 Ծրագրի շրջանակում շուրջ տասն ամիս երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստացել փորձնակություն անցնել խորհրդարանում՝ մասնակցելով օրենսդիր մարմնի աշխատանքներին: 
   
 Փորձնակներն աջակցել են հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով վերլուծություններ, հետազոտություններ, մամուլի մշտադիտարկում, մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք մասնակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին: 
   
 Ծրագրի արդյունքում երիտասարդ մասնագետները բարելավել են իրենց գիտելիքները եւ հմտությունները, շրջանավարտներից շատերն անցել են պետական կառավարման մարմիններում աշխատանքի: 
   
 Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

  • Կիսվել: