Ազդարարվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկը
Այսօր պաշտոնական միջոցառմամբ ազդարարվեց Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկը, հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ներկաներին Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի կապակցությամբ։
Վարչապետը նշել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է Հայաստանի չորս մարզերում, ինչը կարևոր փոփոխություն է պետական կառավարման և բնապահպանական քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ծառայության ընդլայնումը արտահայտում է Հայաստանի ռազմավարական մոտեցումը՝ առավել ուշադիր և հոգատար վերաբերմունք դրսևորել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։
«Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք»,- նշել է վարչապետը՝ շեշտելով, որ բնությունը պետք է լինի պետության և հասարակության առանձնահատուկ հոգածության առարկա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունն ու անտառները կարևոր դեր են ունեցել երկրի և ժողովրդի համար՝ ծառայելով որպես կենսական ռեսուրս։ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով նաև COP17 համաժողովի հյուրընկալման կարևորությանը և կենսաբազմազանության պահպանման գործում անտառների ու շրջակա միջավայրի դերին։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետն առանձնակի կարևորել է պետական ծառայողների բարեվարքության գործոնը՝ ընդգծելով, որ նոր տեխնիկական միջոցները, նոր գործառույթներն ու նոր բովանդակությունը պետք է ուղեկցվեն ծառայության նոր մշակույթով, պատասխանատվությամբ և գիտակցությամբ։
Վարչապետը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և վստահություն հայտնել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով՝ նպաստելով բնապահպանական իրավախախտումների կանխարգելմանը։
Բացման խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ Էկոպարեկային ծառայության տարածքային ընդլայնումը բնապահպանական կառավարման համակարգի կարևորագույն բարեփոխումներից է, իսկ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկումը նոր կարևոր քայլ է Հայաստանի բնապահպանական անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ։
Նախարարն ընդգծեց, որ Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է բնական ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության և բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Նրա խոսքով՝ Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայության գործունեության արդյունքներն արդեն փաստում են, որ այն դարձել է բնապահպանական քաղաքականության իրականացման արդյունավետ գործիք։
Անդրադառնալով Սևանա լճի պահպանության հարցին՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին պետությունը հետևողական աշխատանք է իրականացրել լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ՝ ներառյալ ձկնապաշարների վերականգնման ծրագրերը, ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները և լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։
Նրա գնահատմամբ՝ ձեռք բերված արդյունքների պահպանման համար անհրաժեշտ են ուժեղ վերահսկողություն, կանխարգելիչ աշխատանք և պետության մշտական ներկայություն տեղում, ինչը կապահովեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի էկոպարեկները։
Համբարձում Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և նման ինստիտուցիոնալ բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն երկրի բնապահպանական կառավարման կարողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։
Պաշտոնական մասից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի վարչական շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և իրականացված աշխատանքներին։
Ներկայացվել է, որ վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, ինչպես նաև այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողության իրականացումը։
Նշվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող։
Վարչապետը ծանոթացել է նաև ծառայության նոր, տեխնիկապես հագեցված ծառայողական ավտոմեքենաներին և դրանց հնարավորություններին։



