չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն ծառայությունը պաշտոնանկ արված աշխատակազմին փոխարինել է Ադրբեջանի դիկտատուրայի հետ կապված լրագրողներով. Blankspot

Այն բանից հետո, երբ ադրբեջանցի լրագրող Թուրխան Քարիմովը հեռացվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի թղթակցի պաշտոնից, աշխատանքի ընդունվեց Մամեդշարիֆ Ալախբարովը, որը մեղադրվում է ադրբեջանական ռեժիմի քարոզչություն տարածելու համար, նշում  Blankspot կայքը։

Աղբյուրի համաձայն՝ վերջին 15 տարիներին նա աշխատել է որպես թղթակից և պրոդյուսեր ադրբեջանական ռեժիմի լրատվամիջոցներում, այդ թվում` CVC հեռուստաալիքում: Այնտեղ նա եղել է ֆիլմերի խմբագիր, որոնք փառաբանում են Լեռնային Ղարաբաղի պատերազմը և գովերգում նախագահ Իլհամ Ալիևին: Սոցիալական ցանցերում նա մշտապես աջակցել է բռնապետությանը:

Քարիմովի պաշտոնանկության կապակցությամբ հինգ նախկին լրագրող սոցիալական ցանցերի անձնական էջերում նկարագրել է մեդիա կազմակերպությունում տիրող խիստ խնդրահարույց աշխատանքային միջավայրը: Հրապարակումներում բացահայտվում են խմբագիրների, հատկապես՝ «Ազատության» ադրբեջանական ծառայության ղեկավար Իլքին Մամադովի հասցեին ուղղված մեղադրանքներ՝ ֆավորիտիզմի և ղեկավարության ավտորիտար աշխատաոճի վերաբերյալ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը ներառել է սև ցուցակում: Նշվում է, որ ոստիկանական բռնի միջոցներով լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մասին հաղորդումները հազվադեպ չեն:

Ի թիվս այլոց, հայտնի լրագրող Արզու Գեյբուլան էլ Medium-ում ծավալուն գրառմամբ աջակցել է հետապնդվող լրագրողներին։ Գրառման մեջ նա խոսում է խմբագրական թիմի կողմից լրագրողների նկատմամբ համակարգված ոտնձգությունների մասին և մանրամասն տեղեկություններ տալիս՝ ընդգծելով, որ այդ խնդիրն անհայտ չի եղել։

Նա նաև ներառել է 2018 թվականի իր նամակը՝ ուղղված «Ազատություն» ռադիոկայանի սեփականատերերին՝ անդրադառնալով խմբագրական թիմի կառուցվածքային մարտահրավերներին: Քարիմովը և այլ լրագրողներ մատնանշել են աշխատավարձի շարունակական կրճատումները: 

Հրապարակումներից հետո Ալախբարովը ջնջել է սոցիալական ցանցերի իր էջերը: Սակայն Blankspot-ը կարողացել է գտնել նրա նախկին գրառումները, որոնք վիրավորական արտահայտություններ են պարունակում Հայաստանի և Ֆրանսիայի հասցեին: 

  • Կիսվել: