կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ազատի գյուղի տարածքում տեղակայված զորամասի զինվորներն ամեն ինչով ապահովված են եղել․ կանոնները չպահպանելու պատճառով է ողբերգությունը եղել․ Ալեն Սիմոնյան

Ազատի գյուղի տարածքում տեղակայված զորամասի զինվորներն ամեն ինչով ապահովված են եղել․ կանոնները չպահպանելու պատճառով է ողբերգությունը եղել․ Ալեն Սիմոնյան

 Այդ զինվորներն այդտեղ զբաղվում են աշխատանքով և իրենց համար դա մշտական վայր չի եղել, որպեսզի հարմարեցված լինի: Դա ժամանակավորապես աշխատանքային վայր է եղել: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ հարցին:

«Եղել է տուն, և այդ ահավոր դեպքը տեղի է ունեցել տարրական կանոնները չպահպանելու պատճառով: Բոլոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են՝ ոչ թե քաղաքական իմաստով, այլ քրեական իմաստով, որովհետև քաղաքականը շատ վերացական է՝ պատժվելու են: Այսօր արդեն իսկ կա հարուցված քրեական գործ և կան մեղադրյալներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի հարցին՝ «օրինակ 20 քառակուսի մետր տարածքում հնարավոր է ԱԺ նիստ անել», Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց՝

«Իսկ դուք տեսե՞լ եք պատգամավորների սենյակը: Մեր պատգամավորները ոչ ավելի լավ պայմաններում են նստում՝ մի փոքր սենյակում հաճախ նստում են 1-2 օգնականների հետ: Եթե մենք գնում ենք արտագնա նիստ անելու՝ կարող է շատ ավելի փոքր տարածքում էլ նիստ անենք, ՔՊ վարչությունը փողոցում էլ է նիստ արել՝ աստիճանավանդակին նստած: Հիմա էլ եթե կարիքը լինի՝ կանենք, մենք դրանից չենք զլանում»,- ասաց Սիմոնյանը:

Նա նաև շեշտեց, որ չստեղծեն այնպիսի տպավորություն, որ դա բանակի մշտական վիճակ է: Այդ մարդիկ այդտեղ աշխատանքներ են արել, ունեցել են տուն, եղել են ապահոված ամեն ինչով և չի պահպանվել կանոնները.

«Մի շահարկեք, ահավոր դեպք է տեղի ունեցել, քրեական գործ է հարուցված, ես գնացել հանդիպել եմ այդ մարդկանց հետ, ովքեր որ պառկած են, խոսել եմ իրենց հետ, հասկացել եմ՝ ինչ է տեղի ունեցել: Մի՛ շահարկեք մարդկանց ցավը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: