ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Ապարանում հուղարկավորել են օրեր առաջ աղմկահարույց դեպքի հետևանքով սպանվածներին

Այսօր Ապարանում հուղարկավորել են օրեր առաջ աղմկահարույց դեպքի հետևանքով սպանվածներին

Ապարան համայնքում այսօր հուղարկավորել են հունիսի 19-ին հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։

Համայնքապետարանից հայտնեցին, որ սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։  Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: 

Նշենք, որ միջադպեից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեկան գործ։

Հարուցված քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը Ձորագլուխ համայնքից է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա եղբոր հետ շաբաթ օրը երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում, ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան: Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ:

 

  • Կիսվել: