շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս խառնակ օրերում, երբ վայրագ քամիներն են շրջում Հայրենի եզերքում՝ պետք է մնալ հաստատուն Մայր հողին

Այս խառնակ օրերում, երբ վայրագ քամիներն են շրջում Հայրենի եզերքում՝ պետք է մնալ հաստատուն Մայր հողին

Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության և այլակերպության տոնն էր, մեր Սուրբ Եկեղեցու Տաղավար՝ Մեծ տոներից մեկը: Այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը․

«Կանգնած Սուրբ Խորանի աստվածային բարձունքին՝ իմ ներաշխարհում ուրվագծված Արագած լեռան վրա, հոգու աչքերով, Լուսավորչի կանթեղն էի փնտրում: Եվ, իրավամբ, իմ ներաշխարհում վերստին գտա, տեսա և հուսավառվեցի: Եվ չէի կարող լուռ մնալ և չխոսել, երբ թումանյանական բնորոշմամբ՝ մեր չնաշխարհիկ Երկրին կրկին մութ խավարն է պատել, «երբ տիրում է ահն ու վախը թույլ, կասկածոտ սրտերին»:

Լուսավորչի կանթեղը, այո, անպարան Երկնքից կախված է Արագածի գագաթին, և այդ Կանթեղը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Ով տիրել է հայ կյանքին և հայ աշխարհին ամբողջապես:

Պայծառակերպության այս տոնով՝ Հիսուս Քրիստոս, Տերը և Աստվածը՝ Է-ն, բացվում է և երևում մեզ՝ հայերիս, հայտնվում է և հուսավառելով քաջալերում ու զորակցում: Եվ Աստված այսպես մեզ զորեղացնում է, որ չմոլորվենք այսրաշխարհային մթին խավարում և չհեռանանք մեր կոչումից և առաքելությունից:

Մեր դժվարությունների և նեղությունների բանալին հենց Լուսավորչի կանթեղն է՝ Հիսուս Քրիստոս, միայն Իրենով կերտված կյանքը, գործը, խոսքը կարող է պսակել հաղթանակը և շնորհել գալիքը: Իսկ Լուսավորչի կանթեղի ճանապարհն սկսվում է Սուրբ Արարատից: Առանց Սուրբ Արարատի աստվածային խորհրդի չկա՛ Լուսավորչի կանթեղ՝ Հիսուս Քրիստոս, փրկություն և հավիտենություն:

Եվ Արարիչ Աստված այս զույգ սուրբ լեռների խորհրդով արարել է միմիայն հայոց ազգին՝ որպես ընտիր սերմնահատիկ բոլոր ժողովուրդների: Ընտիր սերմնահատիկ, որը պիտի դրվեր բացառապես հենց այս բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում:

Արդ, մանավանդ, այս խառնակ օրերում, երբ վայրագ ու օտարաշունչ քամիներն են շրջում մեր Հայրենի եզերքում՝ պետք է մնալ հաստատուն Մայր հողին, պետք է մարմնի և հոգու աչքերով գամված լինել Արարտին ու Արագածին, որոնց կամրջում է աստվածային սուրբ խորհուրդը՝ Սրբություն Սրբոց Էջմիածինը:

Այո, վստահ եմ, պայծառակերպվելու ենք և այլակերպվելու, Հավիտենական հայոց ազգը լինելու է անսասան, հաղթությունն է պսակվելու մեր գլխին և կործանված ենք տեսնելու մեր բոլոր թշնամյաց:

Արդ, նորեն կարդանք Մեծ Բանաստեղծի աստվածաշունչ տողերը և շտապենք փնտրելու ու գտնելու Լուսավորչի կանթեղը՝ մեր ճշմարիտ պայծառակերպությունն ու այլակերպությունը.

«Ով անմեղ է, լիքը սիրով

Ու հավատով անսասան,

Ով նայում է վառ հույսերով

Դեպի Հայոց ապագան, —

Նա կտեսնի էն մըշտավառ

Ջահը կախված երկընքից,

Ասես՝ Աստծո աչքը պայծառ

Հսկում է ցած երկընքից»»:

  • Կիսվել: