հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այց Բերդավան ու Հաղթանակ գյուղեր, Ղալինջաքար ամրոց. Աննա Հակոբյանը Տավուշի մարզում էր

Այց Բերդավան ու Հաղթանակ գյուղեր, Ղալինջաքար ամրոց. Աննա Հակոբյանը Տավուշի մարզում էր

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան բնակավայր: Գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տիկին Հակոբյանին դիմավորել են «Բերդավան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Սմբատ Մուղդուսյանը և Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանը:

Սմբատ Մուղդուսյանը, Աննա Հակոբյանին ներկայացնելով հիմնադրամի առաքելությունը, նշել է, որ իրենց նպատակն է աջակցել գյուղին ու գյուղացիներին: Այն ստեղծվել է 2021 թվականին: Իրականացվում են տնտեսական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր: Նպատակ ունեն բարելավել բերդավանցիների կենսապայմանները, փորձում են գյուղում զբաղվածություն ապահովել, աշխատատեղեր բացել:

Կառույցի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ նաև նորոգվել են միջնակարգ դպրոցի որոշ հատվածներ: Հիմնադրամը դպրոցում ոչ ֆորմալ խմբակներ է բացել՝ բանավեճի և առաջնորդության ակումբներ։

Աննա Հակոբյանը զրուցել է աշակերտների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերին, հորդորել լավ սովորել, այնքան զարգացնել հայրենի գյուղը, որ գյուղից հեռանալու կարիք չլինի:

«Բերդավան» հիմնադրամը կառուցել է նաև գյուղի բարձունքում գտնվող՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիրը, որտեղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Ապա տիկին Հակոբյանն այցելել է 10-11-րդ դարերում կառուցված Բերդավանի ամրոց, որը հայտնի է նաև Ղալինջաքար անվամբ: Այն վերակառուցվել է 17-րդ դարում: Ամրոցի տարածքում Աննա Հակոբյանին ներկայացրել են Ղալինջաքարի պատմությունը:

Տավուշի մարզում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերջին կանգառը Հաղթանակ գյուղում էր, որտեղ նա հյուրընկալվել է այգեգործ Յուրի Խաչատրյանին։

Յուրի Խաչատրյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է, որ նպատակ ունի 20 տարեկան այգին աստիճանաբար թարմացնել, նոր մրգատեսակներ աճեցնել, նաև չրերի արտադրամաս հիմնել: Բերքը հիմնականում իրացնում են Հայաստանում, վերջին 3 տարում որոշ խմբաքանակ նաև արտահանում: Խաչատրյանի նպատակն է ընդլայնել տնտեսությունը: Այդ առումով Աննա Հակոբյանը նրան խորհուրդ է տվել դիմել պետական աջակցության ծրագրերին:

  • Կիսվել: