Ավինյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ պահպանելով ենթակառուցվածքների ստանդարտները
«Երկու շաբաթ առաջ քննարկում ունեցանք հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ապահովելու վերաբերյալ»,- այս մասին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշեց նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների մատչելիության խնդրին։
«Խնդրում եմ հանձնարարական ֆիքսել նախագծա-նախահաշվային փաստաթղթեր պատվիրելիս շատ խիստ ուշադրություն դարձնել սակավաշարժ անձանց մատչելիության հատվածին։ Նույնիսկ, եթե խնդիր է լինում փորձաքննութունից հետո հետ ուղարկել վերանախագծման։ Սրան հատուկ ուշադրություն պետք է դարձնենք, խոսքը վերաբերում է և՛ մանկապարտեզներին, և՛ պոլիկլինիկաներին, և՛ մայթերին․ որևէ բան, որ շինբարեկարգման վարչությունն իրականացնում է, որևէ ծրագիր, հատուկ ուշադրություն ենք դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին և այդ ստանդարտները պահպանում ենք։
Այն կառուցապատողները, որոնք դիմում են շինթույլտվությունների, հատուկ ուշադրություն պետք է դարձնենք մատչելիության հարցին և եթե փորձաքննությունից հետո նկատել ենք, որ կա խնդիր՝ ուղարկում ենք վերանախագծման»,- ընդգծեց Ավինյանը։


