ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչներին

Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի ուռուցքաբանական կենտրոնի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսսի ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Ստեֆան Պաղդուին, միջազգային բաժնի ղեկավար Աքսել Լը Սեսնըին, ինչպես նաև պատվիրակության այլ անդամների և ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչների:

«Ուզում եմ ընդգծել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ առողջապահական ոլորտում համագործակցությունը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել: Ես շատ ուրախ եմ, որ համագործակցությունը վերջին մի քանի ամիսներին ավելի ակտիվ ընթացքի մեջ է, հետևաբար կարծում եմ, որ առաջիկայում միասին նորանոր ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել»,- ողջունելով ներկաներին` ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանի և Ֆրանսիայի բազմամյա փոխգործակցության շրջանակներում Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։

Ըստ նախնական ծրագրերի` համագործակցությունը հայկական կողմի հետ ներառելու է հայ բժիշկների կարճաժամկետ և միջնաժամկետ վերապատրաստում Ֆրանսիայում և փորձի փոխանակում, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ֆրանսիացի մասնագետների այցելություններ Հայաստան։

Համագործակցությունը կարող է ընդգրկել նաև հազվադեպ հանդիպող ուռուցքների կամ մանկաբուժության և արյունաբանության հետ կապված բարդ ախտաբանությունների բուժում, որի կազմակերպման գործում հայաստանյան կենտրոնները բախվում են դժվարությունների համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Հնարավոր է կազմակերպել նաև հիվանդների բուժում համատեղ ուժերով այն դեպքերում, երբ բուժման որոշ՝ ավելի բարդ փուլեր կանցկացվեն Ֆրանսիայում։

 

  • Կիսվել: