երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԹՍ-ները՝ որպես ցեղասպանության գործիք. ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրել է 2020-ին Ադրբեջանի հարձակման մասին

ԱԹՍ-ները՝ որպես ցեղասպանության գործիք. ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրել է 2020-ին Ադրբեջանի հարձակման մասին

ԱՄՆ Վորսչեսթերի պետական համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Հենրի Թերիոն Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում հիշեցրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի նաև խաղաղ բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հենրի Թերիոն այս մասին խոսել է «Նորագույն տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում» խորագրով պանելային նիստի շրջանակում իր առցանց ելույթում:

Թերիոն ընդգծել է, որ որոշ դեպքերում տեխնոլոգիական գործիքներն ազդում են այս կամ այն կողմի հավասարակշռության վրա: Բացի այդ, դժվար է պատկերացնել ԱԹՍ-ների կիրառումը՝ որպես թիրախային խմբերի կործանիչ գործիք: ԱԹՍ-ների կիրառմամբ երկու կողմերը կարող են ներգրավվել խաղաղ քաղաքացիական բնակչության ոչնչացման մեջ:

«Այդ օրինակը տեսանք 2020 թ –ին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածք ներխուժման ժամանակ: Ռազմական անօդաչու թռչող սարքերը հասանելի են հիմնականում միջազգային ասպարեզում հարստություն ու հզորություն ունեցողների համար, և ազատորեն օգտագործվում են թույլերի դեմ: ԱԹՍ-ները ցեղասպանության առանձնահատուկ վտանգ են ներկայացնում»,-նշել է Թերիոն:

Նա նկատել է, որ անօդաչու թռչող սարքերը՝ ի տարբերություն այլ զենքերի, մարդասպաններին թույլ են տալիս գործել լիակատար անպատժելիությամբ՝ համոզված լինելով, որ թիրախավորված անձինք չունեն իրենց ագրեսորին հետ թիրախավորելու միջոցներ:

  • Կիսվել: