ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը Գոգյանը ներկայացրել է՝ չունենալով օրենքով եւ ԲՈԿ կանոնադրությամբ նախատեսված իրավական հիմք. Թադեւոս Ավետիսյան

Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը Գոգյանը ներկայացրել է՝ չունենալով օրենքով եւ ԲՈԿ կանոնադրությամբ նախատեսված իրավական հիմք. Թադեւոս Ավետիսյան

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավագիտության մագիստրոս Թադեւոս Ավետիսյանն անդրադարձել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի՝ իր ատենախոսության վերաբերյալ հայտարարությանը։

Թադեւոս Ավետիսյանի հայտարարությունը՝ ստորեւ․

«Ընդհանուր առմամբ, ատենախոսությունների վերագնահատման ձախողված փորձերի մասին չափից շատ է խոսվել: Իրականում առկա այդ գործընթացները աղերս չունեն գիտության զարգացման եւ առավել եւս՝ «բարեփոխում» եզրույթի հետ: Դրանք հետապնդում են բոլորովին այլ իրական նպատակներ:

Ինչ վերաբերում է իմ ատենախոսության վերաբերյալ Սմբատ Գոգյանի տարածած ապատեղեկատվությանը, ապա կարող ենք արձանագրել հետեւյալը.

1. Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը ԲՈԿ նախագահը ներկայացրել է՝ չունենալով օրենքով եւ ԲՈԿ կանոնադրությամբ նախատեսված իրավական հիմք, լիազորություն, գործող օրենսդրությամբ սահմանված չեն այդ գործընթացի իրականացման կանոնակարգը եւ պետական չափանիշները: Այս ամենի մասին ինքը եւս բազմիցս բարձրաձայնում է եւ հայտնել է գրավոր դիրքորոշում:

2. Նրա դիտարկումը բովանդակում էր նաեւ ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի հիմքերի պահպանումը ԲՈԿ-ի հիմնական գործառույթն է. 2002 թվականին ես պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտական շիֆրով, այլ ոչ թե «Միջազգային տնտեսագիտություն» շիֆրով:

3. Ականավոր բազմաթիվ գիտնականներ են իմ ատենախոսության վերաբերյալ տվել դրական կարծիքներ՝ առարկայական հիմնավորումներով:

4. Իսկ իմ ատենախոսության վերագնահատման վերաբերյալ նույնիսկ առկա չէ մասնագիտական որեւէ հանձնաժողովի եզրակացություն, որը գոնե առկա է եղել Գոգյանի կողմից հնչեցվող մյուս դեպքերում: Հետեւաբար, անբացատրելի է առանց մասնագիտական տեսակետների՝ Գոգյանի հայտարարությունը, թերեւս, եթե դա պայմանավորված չէ բոլորովին այլ՝ նեղ շահերով:

Ես շարունակում եմ իմ գիտա-մանկավարժական եւ մասնագիտական աշխատանքը, զբաղված եմ ինձ համար հաճելի եւ հանրօգուտ գործերով: Երբ կլինեն հաստատված ատենախոսությունները վերագնահատելու՝ օրենքով սահմանված հիմքեր, իրավասու պետական մարմին, անհրաժեշտ կանոնակարգեր եւ պետական չափանիշներ եւ ըստ այդմ կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, տասնյակ հազարավոր գիտնականների նման՝ ես էլ եմ պատրաստ անցնել այդ գործընթացով»:

 

  • Կիսվել: