Աշտարակում պարեկներն իրականացրել են «Սևին սապոնն ի՞նչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ ՊԾ ղեկավար կազմին փոխանցում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականը, որ Պարեկային ծառայությունը պետք է անհանդուրժող լինի ցանկացած հակաօրինական գործողությունների նկատմամբ ու անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած տրասնպորտային միջոցից՝ վարչական պատասխանատվության ենթարկեն, ինչը դաս կլինի հետագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելուց առաջ մի պահ մտածելու։ Պարեկային ծառայությունը նաև բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցը չվարեն մգացված ապակիներով, մինչդեռ այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն իրականացրել են «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ «Toyota Camry» մակնիշի «001 RR 55» համարանիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում երթևեկում է ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիներն ամբողջությամբ մգացված վիճակով։
Պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, պարզում են, թե որ հատվածում է արդեն գտնվում «Toyota Camry» ու նրան հայտնաբերում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մուղնի Մ3 ճանապարհին։ Պարզվում է, որ պարեկների ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և վարորդը՝ Երևանի բնակիչ Գեղամ Գ․-ն, ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցը օրենսդրությամբ սահմանված լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով վարելու համար և տուգանվում է 25 հազար դրամով։
Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի մգացված ապակիներով տրանսպորտային միջոց չվարեն։