երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշխատանքային քննարկմանը 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել. դա, երևի, օգտագործել են. Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին

Աշխատանքային քննարկմանը 10-15 րոպե ուշացել էի և վազելով եմ միջանցքն անցել. դա, երևի, օգտագործել են. Մհեր Սահակյանը՝ ԱԺ միջադեպից հետո փախչելու տեսանյութի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր՝ ապրիլի 3-ին, ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:

Նրան դիմավորեցին ծափերով։ Դիմավորողների թվում էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը։

  Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանը նշեց, որ աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները:

«Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,-պատմեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին՝ ըստ իշխանական պատգամավորների՝ հարվածել է շողացող ինչ-որ առարկայով, Սահակյանը պատասխանեց՝ բացարձակ սուտ է. «Հարվածել եմ ձեռքով, ձեռքս էլ ջարդել եմ, հարվածելուց հետո, չեմ ցանկացել, որ վեճը շարունակվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»:

Անդրադառնալով ԱԺ տեսախցիկների ֆիքսած կադրերին, թե ինքը միջադեպից հետո վազելով փախչել է՝ Սահակյանը նշեց՝ «Ես աշխատանքային քննարկման գնալիս ուշացել եմ 10-15 րոպե և վազելով եմ միջանցքով անցել: Դա, երևի, օգտագործել են»:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

  • Կիսվել: