շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է․ Արա Աբրահամյան

Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է․ Արա Աբրահամյան

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների (ք. Լյուբերցի, Ռեուտովո և այլն) հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչներ վրա։

ՌՀՄ-ի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունում նշվում է, որ հանդիպման վայր է ընտրվել Կապոտնյա շրջանում գտնվող «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ մի խումբ ադրբեջանցիներ փորձել են հարձակվել։

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի շուրջ երեք հարյուր ներկայացուցիչներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի ազգությունների հարցերով դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի մարզի տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ և այլք։

Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի հայերի միության կողմից ձեռնարկված քայլերը, որոնք եղել են պետական իշխանության մարմինների, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ սերտ կապի շրջանակներում։

Նա կոչ է արել հայրենակիցներին չմտածված քայլեր չձեռնարկել, միաժամանակ համախմբված լինել։

«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է՝ պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից», - ասել է Արա Աբրահամյանը։

ՌՀՄ ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այստեղ թելադրել իրենց կանոնները»։

  • Կիսվել: