Ասացին՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանն ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ինքնիրավչությամբ զբաղվելու կասկածով: «Ասացին՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ»,-նշեց նա:
Հակոբյանն ասաց, որ չկա այնպիսի գործողություն՝ պաշտոնից բխող, որ ինքը չի կատարել. «Ուղղակի կան մարդիկ, որ կարծում եմ, որի ինչ-որ բան չեմ արել, որի հետ համաձայն չեմ»:
Հարցին, թե ովքեր են այդ մարդիկ՝ Հակոբյանը պատասխանեց. «Բերբերյան էր ազգանունը: Մեզ ներկայացրել են որպես տնօրեն, որի հետ ես համաձայն չեմ եղել, ասել են՝ զբաղվում եմ ինքնիրավչությամբ, ու եկել ենք այստեղ»:
Նա նշեց, որ այսօր շփվել է նոր տնօրենի հետ, սակայն ոչ մի բան չի կարող ասել:
Հակոբյանը նաև հիմնազուրկ համարեց նախորդ տնօրենին պաշտոնից ազատելը, նշեց, որ այդ առնչությամբ հայտնել է իր անհամաձայնությունը նոր նշանակված պաշտոնակատարին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման էր ենթարկվել: Աշխատակիցները հավաքվել էին ոստիկանության դիմաց:
Նշենք, որ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Այժմ նախարարի հրամանով կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արթուր Բերբերյանը: Մինչ այդ նա պաշտոնավարում էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում (Նարկոլոգիական կենտրոն)՝ որպես փոխտնօրեն:
Նշենք նաև, որ Արեն Թորոսյանը որոշել էր լուծարել այդ կենտրոնը և միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, ինչին խիստ դեմ էին արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը և անձնակազմը:



