կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, «Toyota»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, «Toyota»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվելով բնակչին պատկանող դաշտամիջյան տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: