երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արծվաբերդցի երիտասարդները վիճաբանել են համագյուղացու հետ, հարվածներ հասցրել նրան, դանակահարել․ 2 անձ կալանավորվել է․ ՔԿ

Արծվաբերդցի երիտասարդները վիճաբանել են համագյուղացու հետ, հարվածներ հասցրել նրան, դանակահարել․ 2 անձ կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում է Քննչական կոմիտեն։Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա  բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու  մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը վնասվածքները ստացել է համագյուղացի երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ, հասակակից երիտասարդները  խանութ-սրահի մոտ չնչին շարժառիթով վիճաբանել են 30-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս, իսկ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Արծվաբերդի երկու բնակիչները ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունքներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառոմներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: