երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտասահմանյան բուհեր ընդունվածները չեն կարողանում մեկնել այդ երկրներ, քանի որ ՀՀ-ն արտակարգ դրության մեջ է. Մարուքյան

Արտասահմանյան բուհեր ընդունվածները չեն կարողանում մեկնել այդ երկրներ, քանի որ ՀՀ-ն արտակարգ դրության մեջ է. Մարուքյան

Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան ԲՈՒՀ֊եր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ ԲՈՒՀ֊երի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։

Հեռավար կրթությունը մեր ԲՈՒՀ֊երում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։

Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»։

  • Կիսվել: