երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արտառոց տվյալներ չկան». Քյարամյանը՝ Շիրակի ողբերգական վթարի գործի մասին

«Արտառոց տվյալներ չկան». Քյարամյանը՝ Շիրակի ողբերգական վթարի գործի մասին

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի գործով մենք նաեւ վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե օրինակ՝ ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էին վերապահումներ ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, բայց արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքներն իրավազոր են»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նշեց, որ մեքենաներն ավահովագրված են եղել եւ տեխզննում անցած. «Դեպքը, ըստ ամենայնի, քննությունը կպարզի»:

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է փորձաքննություն. «Դրա արդյունքով կհասկանանք՝ արդյո՞ք կա խախտում, թե՞ ոչ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաեւ կասի, թե ով է մեղավոր: Արտառոց տվյալներ չկան»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

  • Կիսվել: