ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխեցին ծննդատուն. նրա ամուսնու ավտոմեքենան խոտանվել էր

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններից պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը տեղափոխեցին ծննդատուն. նրա ամուսնու ավտոմեքենան խոտանվել էր

Այսօր` հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Առավոտյան ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների հատվածում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ քաղաքացու ավտոմեքենան խոտանվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք, ինչպես նաև նույն վաշտի պարեկներ Վահան Թորոսյանն ու Մկրտիչ Պողոսյանը, մոտենալով նշված ավտոմեքենային, պարզում են, որ ավտոմեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է ավտոքարշակ։

Տեղում պարզվում է նաև, որ ամուսինը իր հղի կնոջը շտապ պետք է տեղափոխեր Երևանի հիվանդանոցներից մեկի ծննդատուն։ Պարեկներ Վ. Թորոսյանն ու Մ. Պողոսյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով հղի կնոջը, նրա մայրիկին և ամուսնուն շտապ տեղափոխում են Երևան՝ Հերացու փողոցի վրա գործող «Բեգլարյան» ԲԿ, որտեղ էլ, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փայլում են բժիշկները։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, կինը մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

  • Կիսվել: