կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արսեն Թորոսյանը դժգոհում է ՔՊ-ականների օրինագծից. լեզվակռիվ՝ Բադալյանի և Թորոսյանի միջև

Արսեն Թորոսյանը դժգոհում է ՔՊ-ականների օրինագծից. լեզվակռիվ՝ Բադալյանի և Թորոսյանի միջև

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանի եւ Արսեն Թորոսյանի միջեւ, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ։

Թորոսյանը, մասնավորապես, քննադատեց օրինագծերից մեկը, որի համահեղինակն է Բադալյանը։ Խոսքը, մասնավորապես, բժշկական սպասարկման որակի բարձրացման մասին է։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ Արսեն Թորոսյանը, որը նախկինում պայքարում էր մեր երկրում բժշկական ծառայությունների որակի բարձրացման, եւ ընդհանրապես բարձրագույն արժեքների համար, որը երբեւէ որեւէ բիզնես շահ չի ունեցել, այսօր հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, թե մենք պատրաստվում ենք վնասել ինչ-որ մեկի բիզնես շահերին՝ առանց որեւէ ազատ մրցակցություն ստեղծելու»,-ասաց Բադալյանը։

Նրան պաշտպանեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նրա խոսքով ՝ Արսեն Թորոսյանն իր կարծիքը հնչեցնում է ինչպես գլխադասային հանձնաժողովի, այնպես էլ ԱԺ նիստերի ժամանակ: Ընդ որում, բոլոր հարցերը մանրամասն քննարկվում եւ մշակվում են, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա։

«Մենք այդ օրինագիծը քննարկել ենք հանձնաժողովի նիստում մոտ մեկ ժամ։ Դուք բազմաթիվ հարցեր եք տվել, եւ մենք պատասխանել ենք բոլորին։ Այժմ դուք նույն հարցերն եք տալիս այստեղ: Սակայն մեր պատասխանները չեն փոխվի»,-նկատեց Զեյնալյանը։

Ի պատասխան՝ Թորոսյանը հայտարարեց, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագիծը ոչ միայն չի լուծի այսօրվա դրությամբ առկա խնդիրները, այլեւ կստեղծի նորերը: «Օրինակ, որոշ ծառայությունների գները կբարձրանան»,-ասաց նա։

Պատգամավորներն առաջարկում են պետպատվերով վիրահատությունների ժամանակ արգելել սրտի չվավերացված ստենտները։ Սա վերաբերում է նաեւ արհեստական ոսպնյակներին եւ այլ ինվազիվ բժշկական սարքերին, որոնք չունեն ծագման եւ որակի սերտիֆիկացում:

Ըստ նախագծի՝ պետպատվերով վիրահատությունների համար մրցույթներ հայտարարելիս հիվանդանոցները չեն կարողանա սարքն օգտագործել առանց հավաստագրման։ Դրա մասին տվյալները հիվանդանոցները պետք է կցեն հիվանդության պատմությանն ու ներկայացնեն առողջապահության նախարարությանը, հակառակ դեպքում պետությունը նրանց չի փոխհատուցի պետպատվերի վճարումը, որն իրականացվում է պոստֆակտում։

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում.

  • Կիսվել: