երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Բոբոխյանը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Արսեն Բոբոխյանը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է Արսեն Ալեքսանդրի Բոբոխյանը:

Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975թ-ին, Երևան քաղաքում: 1992-1997թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, 1999-2000թթ-ին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006թթ-ին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:

2000թ-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006թ-ին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016թ-ին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում:

Արսեն Բոբոխյանի հետազոտական ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:

1998թ-ից մինչ օրս նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնի: 2007-2021թթ-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում, 2014-2021թթ-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում, 2019-2021թթ-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

2015-2017թթ-ին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, 2017-2021թթ-ին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2006-2021թթ-ին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի փոխխմբագիր:

2010թ-ին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017թ-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Արսեն Բոբոխյանը 2011թ-ից անդամակցում է Օքսֆորդի Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, դասախոսություններ անցկացրել մի շարք արտասահմանյան համալսարաններում: Նա հեղինակ է 208 գիտական հոդվածի, 9 գրքերի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:

  • Կիսվել: